Երկու մարդ զոհվել է, 7-ը ծանր վնասվածքներ են ստացել Մոսկվայի հարավ-արեւելքում գիշերվա ժամը մեկի սահմաններում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի հետեւանքով։

Վթարը տեղի է ունեցել Վոլգոգրադյան խճուղու կամրջի վրա՝ Լյուբլինյան փողոցի հետ հատման վայրից ոչ հեռու։ Մայրաքաղաքի Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության (ՃԵԱՊՏ) տվյալներով, բախվել են միաժամանակ 7 ավտոմեքենաներ։ Ներկայումս պատահարի վայրում աշխատում են ՃԵԱՊՏ-ի աշխատակիցները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները, ինչպես նաեւ հրշեջներն ու փրկարարները։ Վթարի վայրում երթեւեկությունը սահմանափակվել է։ Ըստ նախնական տվյալների, վթարը տեղի է ունեցել դիմային բախման արդյունքում։

Բախված 7 ատոմեքենաներից մեկն այրվել է, եւ դրա վարորդը մահացել է։

Նշենք, որ կիրակի Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի են ունեցել եւս մի քանի լուրջ վթարներ։ Այսպես, երեկոյան Մոսկվայի հարավում գտնվող Բրատեեւի փողոցում երթուղային տաքսին բախվել է բեռնատար «Գազել»-ին։ ՃՏՊ-ի արդյունքում տուժել է 5 մարդ, որոնց մեծ մասը եղել են երթուղայինի ուղեւորները։