Հանրապետական պատգամավոր Սպարտակ Մելիքյանը Ազգային Ժողովի  նախագահ Հովիկ Աբրահամյանին այսօր նամակ է հղել՝ առաջարկով, որ իրեն զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից։

Նշենք, որ սա հայկական խորհրդարանի առաջին դեպքն է, երբ պատգամավորն ինքն է խնդրում իրեն զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։ Սակայն ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է։ Կա՜մ այս նախաձեռնությունից առաջ Սպարտակ Մելիքյանը չի ծանոթացել ԱԺ կանոնակարգի մասին օրենքին, կա՜մ էլ ծանոթացել է եւ որոշել քաղաքական շոու սարքել։ Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգի մասին օրենքի համաձայն՝ պատգամավորը կարող է զրկվել իր անձեռնմխելիությունից, եթե նա ընդհանրապես հրաժարվում է մանդատից, իսկ այս դեպքում Մելիքյանը մտադիր է հրաժարվել միայն անձեռնմխելիությունից։

Նշենք, որ Մելիքյանի նախաձեռնությունը՝ զրկել իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից, պայմանավորված է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն  հայտարարությամբ, թե Վերահսկիչ պալատը պատգամավորի դեմ հայցով դիմելու է դատարան։ Մելիքյանը հայտարարել էր, որ դատական գործընթացին չխոչընդոտելու համար մտադիր է հրաժարվել պատգամավորական անձեռնմխելիությունից։ Իշխան Զաքարյանը մտադիր է Մելիքյանին դատի տալ նրա այն  հայտարարության պատճառով, համաձայն որի Վերահսկիչ պալատի աշխատակիցները կաշառք են վերցնում։ Մելիքյանը, մասնավորապես, ԱԺ-ում հայտարարել էր, որ Պալատը գումար է վերցրել «Անանիա Շիրակացի» համալսարանի ղեկավարությունից, որպեսզի բուհը չներառի «սեւ ցուցակում»։ Իշխան Զաքարյանն իր հերթին հերքել էր այդ տեղեկությունը՝ ընդգծելով, որ այն պայմանավորված է Սպարտակ Մելիքյանի՝ նույն բուհի սեփականատերը լինելու հանգամանքով։