Իշխանություններն ամեն ինչ անում են, որ քրեական հանցանք չգործած լրագրողը  որքան հնարավոր է երկար նստի բանտում:  Այս մասին հայտարարեց «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը՝ «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի հրավիրված ասուլիսում: «Այս օրերին մենք՝ խմբագիրներս մեր ձայնն ենք բարձրացնում Նիկոլին ազատ արձակելու համար, սակայն նրան տեղափոխում են պատժախուց: Դա ապտակ է մեր բոլորի՝ լրագրողների, լրատվամիջոցների, խմբագիրների դեմքին, որոնց իշխանությունն ասում է՝ ձեր խոսքն ինձ համար ոչինչ չարժե»,-հայտարարեց Օհանյանը:

Նա նշեց, որ չի կարող թերթի խմբագիրը բանտում հայտնվել, մեկուկես տարի այնտեղ անցկացնել եւ լրագրողական հանրույթը պահանջի նրա կյանքի անվտանգությունը: Օհանյանի խոսքով՝ այս օրերին, երբ լրագրողները Փաշինյանի ազատության հարց է բարձրացնում, դատարանում քննարկվում է նրա նկատմամբ կիրառված համաներման ժամկետի հարցը: «Իշխանությունն ամեն ինչ անում է, որ Նիկոլը ինչքան հնարավոր է, մի քանի օր, մի քանի ամիս ավել բանտում նստի: Դա նշանակում է, որ մարդու իրավունքներն այս երկրում հասցվել են զրոյական մակարդակի»,-հայտարարեց «Հրապարակ»-ի խմբագիրը եւ հավելեց, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Փաշինյանը օր առաջ հայտնվի ազատության մեջ:  

«hetq.am»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն էլ հայտարարեց, թե իշխանությունները Փաշինյանին բանտ են նետել, որպեսզի նրան լռեցնեն: «Սակայն նրանք իրենց հաշվարկների մեջ սխալվեցին, քանի որ Նիկոլին լռեցնել հնարավոր չէ»,-ասաց նա եւ հավելեց, որ  լրագրողի նկատմամբ կիրառվող բռնությունները վկայում են իշխանությունների թուլության մասին: «Էնպես թող չանեն, որ Նիկոլ Փաշինյանի բանտարկությունն իրենց համար մղձավանջ դառնա, եւ մյուս քաղբանտարկյալների բանտարկությունը եւս»,-հայտարարեց «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանը: Նա նաեւ ընդգծեց, որ  «հանրապետության գլխավոր կլյուչնիկի»  հայտարարությունը, թե Նիկոլի նկատմամբ բռնություն չի եղել, այլ նա ընդամենը երազ է տեսել, խոսում է նրա ցինիզմի, վախկոտության եւ անզորության մասին:

Հիշեցնենք, որ «Կոշ» քրեակատարողական հիմարկում պահվող Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նոյեմբերի 11-ին ինքը բռնության է ենթարկվել խուց ներխուժած դիմակավորված անձանց կողմից: Ըստ այդմ՝ ժամը 3:00-ի սահմաններում դիմակավորված երկու անձ քրեակատարողական հիմնարկի խցում հարձակվել են քնած Փաշինյանի վրա եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել, իսկ երբ աղմուկ է բարձրացել` փախել են: Այս կապակցությամբ ՔԿՀ-ն հանդես էր եկել հերքմամբ, հայտարարելով, թե բռնության մասին ահազանգը «հավանաբար Նիկոլ Փաշինյանի գիշերային երազների շարքից է»: