Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառված բռնությունը կապ ունի նաեւ հայ օլիգարխներից մեկի եւ նրա ընտանիքի հետ, ում մասին ժամանակ առաջ «Հայկական ժամանակը» հոդված էր տպագրել: Այս մասին հայտարարեց «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ այդ մասին ինքը տեղեկացել է երեկ ուշ երեկոյան: Նա հայտարարեց, որ նախօրեին կապվել է Նյու-Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի հետ, խոսել տարածաշրջանի պատասխանատուների հետ, ովքեր, պարզվում է, տեղյակ չեն Փաշինյանի հետ տեղի ունեցածի մասին: Ըստ Բաբաջանյանի՝ Կոմիտեն խոստացել է, որ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Հայտարարությանը կմիանա նաեւ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: «Եթե մենք համառ գտնվենք, եւ հաճախ հանդես գանք միասնաբար, իշխանությունները կընկրկեն»,-ասաց «Ժամանակ»-ի խմբագիրը:
«Հայկական ժամանակ»-ի տնօրեն, Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն էլ հայտարարեց, որ իր ամուսնուն բանտում պահելու հրահանգը թելադրված է ոչ թե օլիգարխներից մեկի կողմից, այլ` նախագահականից: «Նիկոլի նկատմամբ կիրառվող բռնությունները անմիջականորեն թելադրվում են նախագահական նստավայրից եւ դրանց նպատակը Նիկոլի խոսքը լռեցնելն է»,-ասաց նա: 1in.am-ի խմբագիր Գեւորգ Էմին-Տերյանն էլ հավելեց, որ Նիկոլը հասարակության խիղճն է, որն այսօր գտնվում է բանտում:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը 15 օրով տեղափոխվել է հատուկ պատժախուց եւ պահվում է փակ ռեժիմի պայմաններում:





























