Եվրամիություն մուտք գործելու համար Թուրքիան դեռ շատ ճանապարհ պետք է անցնի։ Նոյեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։
Դեսպանի խոսքով, Թուրքիայի՝ ԵՄ մուտք գործելը դժվարացնում են մի քանի հարցեր. Թուրքիան երկիր է բարդ տարածաշրջանից, որը ԵՄ երկրներից տարբերվում է բնակչությամբ, մշակույթով եւ կրոնով։ «ԵՄ մուտք գործելուց առաջ Թուրքիան պետք է լուծի Հայաստանի հետ ունեցած իր խնդիրները։ Դա, նախեւառաջ, նշանակում է անցյալի գնահատում, քանի որ ԵՄ շատ երկրներ՝ այդ թվում՝ Լեհաստանը, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- ասաց դեսպանը։
Զդիսլավ Ռաչինսկին կարծիք հայտնեց, որ վաղ, թե` ուշ Թուրքիան կճանաչի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ «Հնարավոր է՝ դա շուտ չի լինի, հնարավոր է՝ դա տեղի ունենա 50-100 տարի հետո, սակայն մի օր Թուրքիայի վարչապետը ծաղիկներ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին»։





























