Մեկ շաբաթից՝ նոյեմբերի 25-ին, տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ 2010 թվականի հեռուստամարաթոնը: Ամենամյա այս միջոցառմանը ավանդաբար մասնակցում են հայաստանյան օլիգարխիայի ներկայացուցիչները եւ ապավինելով իրենց առատաձեռնությանը, որոշակի գումար են հանգանակում հիմնադրամին:

NEWS.am-ը փորձեց պարզել, թե որքա՞ն գումար են նրանք մտադիր հանգանակել այս տարի: Զանգահարեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին: Զրույցն ուշագրավ ստացվեց, որը ներկայացնում ենք բառացի: 

Պարոն Ալեքսանյան, բարի երեկո:

Ազիզ ջան, Ալեքսանյանը չի:

Պարոն Ալեքսանյան, Դուք եք…

Ես չեմ, Ալեքսանյանը գնացել ա Վրաստան: Մի երկու օրից զանգի:

Պարոն Ալեքսանյան, մի հրաժարվեք, Դուք եք, ես ձեր ձայնը ճանաչում եմ…

(Գրեթե բարկացած տոնով-խմբ.) Ասում եմ՝ ես չեմ, ասում ես՝ դու ես: Ո՞վ ա զանգում: 

Լրագրող…

(Մի քանի րոպես լռեւոց հետո) Լա~վ, ասա:

Պարոն Ալեքսանյան, որքա՞ն գումար եք նվիրաբերելու այս տարի «Հայաստան» հիմնադրամին:

Դե կտամ, կտենաս, էլի, խի՞ ես ուզում շուտ իմանաս:

Նախորդ տարի դուք 200 հազար դոլար էիք փոխանցել հիմնադրամին, իսկ 2008-ին՝ 1 միլիոն դոլար: Այս տարի որքա՞ն եք նվիրաբերելու:

Այ ցավդ տանեմ՝ հենց կլնի՝ կտամ, էլի~, խի՞ եք հիմա ուզում իմանաք: 

Բայց որոշել ե՞ք, թե որքան եք հանգանակելու:

Հա, որոշել եմ, բայց հենց մոմենտը գա, նոր կտամ:

Բայց…

Բայց -մայց չկա, հլը մի շաբաթ կա նվիրատվությանը, վախտը կգա՝ կտամ, կիմանաք:

Հ.Գ. Ի դեպ, պարոն Ալեքսանյանը հետաքրքրվեց, թե ինչքա՞ն գումար են խոստացել նվիրաբերել մյուս օլիգարխները, որպեսզի ըստ այդմ կողմնորոշվի:

Նկատենք, որ NEWS.am-ը զանգահարեց նաեւ հայ օլիգարխ-պատգամավորներից մի քանիսին եւս: Նրանք նույնպես հայտարարեցին, որ դեռ չեն կողմնորոշվել գումարի չափի հարցում, չնայած «մոտավորապես արդեն պարզ ա՝ ով՝ ինչքան»:

Զրույցը՝ Հեղինե Մանուկյանի