Հայաստանի կառավարությունն այսօր` նոյեմբերի 18-ին որոշեց մի շարք օբյեկտներ հանել մասնավորեցման ծրագրից։ Դրանք գիտահետազոտական հիմնարկներ են, որտեղ իրականացվում են կարեւոր հետազոտություններ։ 

«Երեւանի օպտիկաֆիզիկական չափումների ԳՀԻ»-ն իրականացնում է աշխատանքներ լազերային տեխնոլոգիաների, այդ թվում` հատուկ նշանակության օպտոէլեկտրոնային սարքերի մշակման եւ օրգանական պոլիմերային կիսահաղորդիչ նյութերի մշակման ուղղությամբ: Ընկերությունը զբաղվում է հիմնարար եւ կիրառական մշակումներով: Կատարվող հետազոտությունները կապված են գերկարճ լազերային ճառագայթման չափման եւ հատուկ նշանակության օպտոէլեկտրոնային սարքերի ստեղծման հետ, որոնք կատարվում են ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով:

Նախատեսվում է հայկական եւ ռուսական ընկերությունների մասնակցությամբ իրականացնել համատեղ աշխատանքային ծրագիր, որի համար անհրաժեշտ է պետական սեփականության պահպանումը:

«Կոմետա ԳԱԻ» ընկերությունը զբաղվում է հիմնարար հետազոտություններով, որոնք վերաբերում են առանձին օբյեկտների հեռակառավարման մեթոդներով հայտնաբերմանը, նրանց ճանաչման համար մեթոդաբանության մշակմանը եւ ռադիոլոկացիոն հատուկ համակարգերի ստեղծմանը: Վերջին տարիներին «Կոմետա ԳՀԻ»-ում կատարվել են ալիքային էներգիայի կիրառման վերաբերյալ հիմնարար տեսական հետազոտություններ, մշակվել եւ կառուցվել է համակարգչային հատուկ մոդել: Ինստիտուտում աշխատանքներ են սկսվել ստացված տեսական արդյունքների փորձարկման ուղղությամբ: Ռադիոլոկացիայի եւ ալեհավաքային ցանցերի չափագիտական բնագավառներում ինստիտուտը միակն է Հայաստանում եւ ռազմավարական նշանակություն ունի երկրի պաշտպանունակության ամրապնդման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառներում:

Երեւանի «Պլաստպոլիմեր» ԳՀԻ-ում աշխատանքներ են իրականացվում վինիլացետատի եւ նրա հիման վրա պոլիմերների սինթեզի հետազոտման բնագավառում: Ընկերության գիտահետազոտական մշակումներն իրենց կիրառությունն են գտնելու ատոմային էլեկտրակայաններում, ինչպես նաեւ շենքերը, շինություններն ու սարքավորումները ռադիոակտիվ աղտոտումից պաշտպանելու ոլորտում: Ընկերությունը նախատեսում է ընդլայնել ինչպես կիրառական, այնպես էլ հիմնարար հետազոտությունները, ինստիտուտի աշխատակիցների փորձն օգտագործվելու է ստանդարտացման բնագավառում (քիմիայի բնագավառի ստանդարտների մշակում, Հայաստանում միջազգային ստանդարտների ներդրման ապահովում):