ՀԱԿ ակտիվիստ, հուլիսի 5-ին ձերբակալված Տիգրան Առաքելյանը վաղվանից հացադուլ է սկսելու: Նա հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ես` Տիգրան Սամվելի Առաքելյանս, սույն թվականի հուլիսի հինգից գտնվում եմ անազատության մեջ, իսկ հուլիսի 15-ից` դատապարտյալների հիվանդանոցում, քանի որ ոստիկանական հանցագործ հրոսակախմբի անդամներից մեկի կողմից զենքի խզակոթով գլխիս հարված էի ստացել, ինչի հետեւանքով ինքնազգացողությունս կտրուկ վատթարացել է: Թեեւ այստեղ ես գտնվում եմ բժիշկների հսկողության տակ եւ հիվանդանոցի անձակազմի կողմից արժանանում հարգալից վերաբերմունքի, բայց եւ այնպես իմ առողջական վիճակը շարունակում է օր-օրի վատթարանալ, եւ ինձ համար այլեւս միեւնույն է, թե ինչ ժամկետներում այն կհասնի իր կրիտիկական կետին… Նշեմ նաեւ, որ ձերբակալությունից հետո մինչ այժմ իմ նկատմամբ կամ մասնակցությամբ ոչ մի քնչական գործողություն չի կատարվել, կալանքի ժամկետը երկարացնելու համար վարույթն իրականացնող մարմինը որեւէ ծանրակշիռ փաստարկ չի ներկայացրել, սակայն դատարանը, բավարարելով քննիչի միջնորդությունը, իմ կալանքի ժամկետը երկարաձգել է եւս երկու ամսով:

Այսպիսով վարչախումբը վերջնականապես ապացուցեց, որ ինձ պահում է որպես քաղաքական պատանդ: Ես հալածվում եմ միմիայն քաղաքական հայացքներիս համար: Ինձ պատանդի կարգավիճակում պահելը չեմ որակում որպես անձամբ իմ դեմ կատարված հանցագործություն, դա ոտնձգություն էր ողջ երիտասարդ ակտիվի եւ ընդհանրապես առողջ հասարակության դեմ. ի սկզբանե նրանք հույս ունեին, որ կկարողանան լռեցնել կամ վախեցնել երիտասարդությանը: Ավաղ, նրանց մոտ ոչինչ չստացվեց, եւ այլ բան չի մնում անել, քան հրաժարվել այսօրինակ մեթոդներից»:

Առաքելյանն իր հայտարարության մեջ ներողություն է խնդրում իր «բոլոր ընկերներից, ՀԱԿ անդամներից եւ ՀՀ Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից, ովքեր իմ առողջական վիճակը հաշվի առնելով ինձ հորդորում են չդիմել բողոքի այս ծայրահեղ միջոցին` մնում եմ իմ վերջնական կարծիքին եւ, հրաժարվելով հիվանդանոցի բուժծառայությունից, սեպտեմբերի 8-ից առավոտյան ժամը 10-ից հայտարարում անժամկետ հացադուլ»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Առաքելյանի պաշտպանի՝ գրավի միջոցով նրան ազատելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ Առաքելյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար, մինչդեռ, ինչպես NEWS.am-ին հայտնել էր պաշտպան Վարդուհի Էլբակյանը, անգամ կադրերից էլ պարզ է, որ հուլիսի 1-ին հենց ոստիկաններն էին հարձակվել եւ դաժան ծեծի ենթարկել հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանող երիտասարդներին, իսկ ծեծի արդյունքում երեք երիտասարդ տեղափոխվել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Այդ երիտասարդներից մեկը Տիգրան Առաքելյանն էր, մյուս երկուսի՝ անչափահասներ Հերբերտ Գեւորգյանի եւ Սահակ Մուրադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

Առաքելյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քր.օր.-ի 258 հոդվածով (Խուլիգանություն):

Տիգրան Առաքելյանը առողջական խնդիրներ ունի եւ այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: