Այսօր` նոյեմբերի 18-ին «Նաիրիտ գործարան»  ՓԲԸ աշխատակիցների բանկային հաշվեհամարներին է փոխանցվել մեկ ամսվա աշխատավարձը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ընկերության մամուլի ծառայությունից, այս քայլն արվել է «ի կատարումն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 12-ի` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձերի պարտքի մարման վերաբերյալ հանձնարարականի»:

«Հանրապետության ղեկավարի հանձնարարականի համաձայն` այս ընթացքում գործադիր իշխանության պատասխանատուների հետ «Նաիրիտ»-ի  ղեկավարությունը քննարկել է ստեղծված իրավիճակը, եւ, մեկ ամսվա աշխատավարձի վճարումից հետո, այժմ ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ՀՀ Նախագահի մյուս հանձնարարականը` մեկ ամսվա ընթացքում մնացած ամիսների աշխատավարձը մարելու վերաբերյալ, սահմանված ժամկետում կատարելու համար: Միաժամանակ, աշխատանք է իրականացվում գործարանի վերագործարկման խնդրի լուծման ուղղությամբ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցները բողոքում էին, որ իրենց չեն վճարել 4 ամսվա աշխատավարձ: