Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցությունից կանցլերի նախկին թեկնածու ու ֆինանսների նախկին նախարար Պեր Շթայնբրյուկը անսպասելիորեն սկսում է երգիծաբանի կարիերա։ Ականավոր սոցիալ -դեմոկրատը մտադիր է հյուրախաղերի ուղեւորվել հանրահայտ արտիստ կաբարետիստ Ֆլորիան Շրյոդերի հետ միասին, հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung թերթի կայքը։
Պարբերականի տվյալներով, Շթայբրյուկի ու Շրյոդերի համատեղ երգիծական շոուի հյուրախաղերը Գերմանիայի քաղաքներում կսկսվեն 2017-ի հուլիսին։ Տոմսերի նախնական վաճառքը սկսվել է։
2013-ին Շթայնբրյուկը Գերմանիայի կանցլերի ընտրություններում եղել է Անգելա Մերկելի մրցակիցը։ Պարտություն կրելուց հետո նա հայտնել էր, որ հեռանում է մեծ քաղաքականությունից։
Մինչեւ 2016-ի սեպտեմբեր Շթայնբրյուկը եղել է բունդեսթագի օտարերկրյա գործերով հանձնաժողովի անդամը։ Այնուհետեւ դարձել է ING DiBa բանկի կառավարման խորհրդական։




























