Մեծ Բրիտանիայի համընդհանուր արտահերթ ընտրություններում «Անկախության կուսակցությունը» ծրագրում է իր նախընտրական ծրագի կենտրոնական կետը դարձնել հանրային վայրերում մուսուլման կանանց կողմից դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստի արգելքը, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

Խոսքըն ավանդական մուսուլմանական հագուստի ու գլխաշորի մասին է՝ հիջաբի, նիկաբի, բուրկայի, փարանջայի, չադրայի։

Ակնկալվում է, որ UKIP –ի առաջնորդ Փոլ Նաթոլը հրապարակում է կուսակցության նոր նախընտրական ծրագիրը, որը  կպարունակի նաեւ Մեծ Բրիտանիայի տարածքում շարիաթի օրենքները արգելելու առաջարկ։

Բացի դրանից կուսակցությունն առաջարկում է ընդունել օրենք, որը կպարտավորեցներ քաղաքացիներին անհապաղ ոստիկանություն հաղորդել կանացի թլպատման դեպքերի մասին, եթե նրանց հայտնի դառնա այդ մասին։

UKIP –ի նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջը 2010-ին արդեն առաջարկել էր արգելել հիջաբները, բայց կուսակցությունը չէր աջակցել այն, ու այդ պահանջը չի ներառել իր նախընտրական ծրագրում 2015-ի ընտրություններում։

Մեծ Բրիտանիայի խորհրդանի արտահերթ համընդհանուր ընտրությունները կկայանան հունիսի 8-ին։

Կանանց դեմքն ամբողջությամբ ծածկող մուսուլմանական գլխաշորեր կրելն արդեն արգելված է Եվրոպայի որոշ երկրներում՝ այդ թվում Ֆրանսիայում, Բելգիայում ու Բուլղարիայում։ Մի շարք երկրներում գործում են նման հագուստի կրման մասնակի սահմանափակումներ։