«Մեր ընկերությանը դատի տալը դերասան Սերգեյ Դանիելյանի քաղաքացիական իրավունքն է. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գնահատում եւ հարգում է դերասանի այդ իրավունքը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով դերասանի՝ ընկերության դեմ դատական հայցով  հանդես գալու որոշմանը։

«Միաժամանակ ակնհայտ է եւ մենք լավ հասկանում ենք, որ Սերգեյ Դանիելյանի այս քայլը որոշակի PR նպատակներ է հետապնդում։ Այսքանով հանդերձ՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ չի ժխտում այն փաստը, որ անցած ամառ ուղեւորափոխադրումներ իրականացնելիս բախվել է տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բնույթի, այդ թվում՝ միեւնույն տոմսը մինչեւ 3 տարբեր մարդկանց վաճառելու եւ այլ խնդիրների, որոնց չեզոքացման եւ արդեն հաջորդ տարի բացառելու ուղղությամբ ընկերությունը քայլեր է ձեռնարկում։ Մանավորապես, ՀԿԵ նոյեմբերի 5-ին վրացական երկաթուղիների հետ պայմանագիր է կնքվել, համաձայն որի մոտակա 7 ամիսների ընթացքում Հայաստանի երկաթուղային  համակարգում կներդրվի տոմսերի վաճառքի նոր՝ ավտոմատիզացված ծրագիր, որը կբացառի միեւնույն տոմսը կրկնակի անգամ վաճառելու նախադեպը։ Նախատեսվում էր, որ այս համակարգը պետք է կիրառվեր դեռ 2010 թվականի ամռանը, սակայն մի շարք պատճառներով դա մեզ չհաջողվեց։ Ինչեւ, հաջորդ ամառ ընկերությունը դուրս կգա որակական  նոր փուլ, ինչն ակնհայտ կլինի յուրաքանչյուր քաղաքացու համար»,- հավաստիացրեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի վարչության պետը։

Վահե Դավթյանի խոսքով, թերությունների մասին Սերգեյ Դանիելյանն, այնուամենայնիվ, չափազանցրել է. «Նա շատ էմոցիոնալ անձնավորություն է։ «Արմենիա» ֆիրմային գնացքը, որ ամառվա ընթացքում սպասարկում էր Երեւան-Բաթումի ուղղությունը, ԱՊՀ երկրների տարածքում լավագույններից է։ Այն համապատասխանում է ներկայացված բոլոր չափանիշներին։ Այո՛, մենք ուղեւորների կողմից ստացել ենք մի շարք քննադատական նամակներ եւ զանգեր,սակայն շատ մարդիկ նաեւ շնորհակալություն են հայտնել մեզ»,-ասաց Վահե Դավթյանը։

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ պատճառված անհարմարությունների համար փոխհատուցում վճարել եւ հրապարակայնորեն ներողություն խնդրել դերասան Սերգեյ Դանիելյանից, ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պետը նկատեց. «Ներողության պահով կարող եմ ասել հետեւյալը. մեր ընկերությանը նման պահանջ ներկայացնելը շատ հավակնոտ միտք է. ՀԿԵ անունից կարող եմ ասել, որ հրապարակային ներողություն չի լինի, քանի որ մենք գործելու ենք իրավաբանական  դաշտում եւ այն որոշման շրջանակներում, որը կկայացնի դատարանը։ Ամեն դեպքում, դերասանի՝ մեզ դատի տալու հանգամանքը ոչ կխոչընդոտի, ոչ էլ կխթանի մեր գործունեությանը»,- ամփոփեց Վահե Դավթյանը։

Նշենք, որ դերասան Սերգեյ Դանիելյանը իրեն պատճառված անհարմարությունների համար դատի է տվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին՝ ակնկալելով ինչպես փոխհատուցում, այնպես էլ հրապարակային ներողություն ստանալ ընկերությունից: