Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Էլմար Մամեդյարովի հեռախոսազրույցի արդյունքում «կողմերը եկել են համաձայնության»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Հաշիմովը:

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Հաշիմովը հայտարարել է, թե «հայ–թուրքական սահմանի բացումը, մինչ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը, հակասում է Ադրբեջանի շահերին»։

«Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել են, թե սահմանը չի բացվի մինչեւ Ղարաբաղի հարցի կարգավորումը: Մենք հավատում ենք իրենց»,- ասել է Հաշիմովը, իսկ նախաստորագրված արձանագրությունների մասով էլ նկատել է, թե այլ երկրների հետ հարաբերություններ հաստատելը Թուրքիայի գործն է: