Թերթի վերլուծաբանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի շուրջ ծավալվող իրադարձություններին եւ գրել. «Ես չեմ դադարում զարմանալ մեր իշխանությունների վրա: Սկզբում ես մտածում էի, որ դատապարտելով Նիկոլ Փաշինյանին ազատազրկման` նրանք այդպիսով լրագրողին գործուղել են մեր քրեակատարողական հիմնարկներ, որտեղ նա այդ հիմնարկների իրականության մասին գրելով` կօգնի իշխանությանը դրանք ազատելու այդ հիմնարկներին լիանայի նման փաթաթված կոռուպցիայից:
Ինչ -որ պահից, երբ այդ հիմնարկների վարքուբարքը Նիկոլը բավական ներկայացրեց, ու մեր իշխանավորները էլի չցանկացան նրան ազատ արձակել, պարզ դարձավ, որ մերոնք շուլալվել են իրենց իսկ խճճած կծիկի մեջ, քանի որ լրագրողին այդքան երկար պահելն ի հաշիվ սեփական ժողովրդավարական պարտավորությունների չհարգման, նմանվում է սովորական տղայական քենի, քանզի լրագրողը լրագրող է մնալու ե՛ւ բանտում, ե՛ւ ազատության մեջ, երկու դեպքում էլ նա պետք է իր սկզբունքներին համապատասխան արտահայտվի:
Այդ դեպքում ինչո՞ւ, ի՞նչ նպատակով նրան ճաղերի հետեւում պահել: Լավ, խելացի մեկը չկա՞ մեր իշխանությանը խորհուրդ տա` չանել այն, ինչ վնասում է իրենց եւ երկրի հեղինակությանը:
Նիկոլն այսօր ավելի շատ բան է անում հայոց իրավապահ համակարգը կարգի բերելու ուղղությամբ, քան, ասենք, որեւէ հեռուստաընկերությունում նստած քարթու քծնող, քանզի ամեն օր գրելով քրեակատարողական հիմնարկի վարքուբարքի մասին` մաքրում է այդ հիմնարկների ավգյան ախոռները:
Ու այստեղ ոչ մի կապ չունի, որ Նիկոլն ու այդ քծնողը բարիկադի տարբեր կողմերում են, հաճախ հենց քծնող յուրայինն ավելի վնասակար է, քան մատը ցավի վրա դնող ընդդիմադիրը, այս բոլորն ասում ենք` Նիկոլի գաղափարները չկիսելով»:





























