Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 25-ին այցելել է «Ծիծեռնակաբերդ»՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր (ֆոտոռեպորտաժ

Հնդկաստանի փոխնախագահին ուղեկցել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նաբանդյանը, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Համիդ Անսարին ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ եւ ծաղիկներ՝ Անմար կրակի մոտ։

Հնդկաստանի փոխնախագահն ու ՀՀ ԱԳՆ ղեկավարը լուսանկարվել են Արարատ լեռան ֆոնին։

Համիդ Անսարին այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, որտեղ ծանոթացել է Օսմանյան կայսրության ղեկավարության հայ ժողովրդի ոչնչացման դաժան ծրագրերի մանրամասներին։ Ի պատասխան այն հարցին, թե ինչից է նա ավելի շատ տպավորվել, Անսարին ասել է. «Մարդկային սխալի, մարդկանց՝ մեկ այլ մարդկանց նկատմամբ կատարած աննկարագրելի բաների մասին հիշեցնող հուշահամալիրից»։

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ հյուրերի համար նախատեսված մատյանում Հնդկաստանի փոխնախագահը գրել է. «Այս հուշահամալիրը վառ վկայությունն է այն բանի, որ հայերը տուժել են դաժան բռնությունից։ Միայն հենվելով ազատության եւ հանդուրժողականության արժեքների վրա՝ մենք կարող ենք խաղաղ ու ներդաշնակ ապագա կառուցելու հույս ունենալ»։

Համիդ Անսարին եղեւնի է տնկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արահետում։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին երկօրյա այցով գտնվում է Հայաստանում։