Նոյեմբերի 16-ին Վանաձորում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է: Հրապարակը գրում է, որ Ճոճկանի բնակիչ 23-ամյա Լեուն Ասլանյանի սպանության կասկածանքով երեկ Երեւանում ձերբակալվել է 23-ամյա մի տղա՝ Արսեն անունով, որին ոստիկանությունում հարցաքննել են եւ այսօր պետք է տեղափոխեն Վանաձոր:

Թերթը գրել էր, որ սպանությունն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել սիրո հողի վրա: «Հրապարակ»-ի աղբյուրները հաղորդում են, որ երեկ հարցաքննվել է նաեւ մի աղջիկ, նախնական տվյալներով՝ մատուցողուհի: Թերթի տեղեկություններով, սպանվածի հարազատները մեղադրում են ճանապարհային ոստիկաններին, որոնք Լեւոնի ավտոմեքենան տարել են տուգանային հրապարակ, որի մերձակայքում էլ սպանել են նրան:

Հարազատները կասկածում են, որ ճանապարհային ոստիկանները կամ մասնակից են սպանությանը, կամ աջակցել են սպանողին: Երեկ Վանաձորի քննչականի պետ Գագիկ Իսպիրյանը հաստատել է, որ գործով ձերբակալված անձ կա: