Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտ շրջկենտրոն և մասնակցել նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը։
Ինչպես հայտնել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, պետության ղեկավարը նշել է շրջկենտրոններում ու գյուղական բնակավայրերում նախադպրոցական ժամանակակից հաստատությունների առկայության և սոցիալական ու կրթական ոլորտներում դրանց մեծ դերի կարևորությունը։
Նույն օրը Թալիշ գյուղում նախագահը մասնակցել է զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացման արարողությանն ու պետական պարգևներ շնորհել համագյուղացի մի խումբ վետերանների ու զինվորականների։
Բակո Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել բարերար Բորիս Սաղաթելյանին՝ համալիրի կառուցմանն աջակցելու համար։
Միջոցառումներին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Ազգային Ժողովի փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցը, պաշտոնատար այլ անձինք։



























