ՌԴ Բաշկիրիայի Օկտյաբրսի քաղաքում տեղի բնակիչներից մեկը ներխուժել է ՆԳ վարչության շենք եւ «Ալլահ աքբար» գոռալով դանակով վիրավորել երկու ոստիկանների: Նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով Բաշկիրիայի ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Ոստիկանությունը չի շտապում հայտարարել, որ հանցագործը ծայրահեղական է, թեեւ նրա մոտից առգրավել են գրություն, որտեղ նշվում է «ողջ աշխարհում Ալլահի կամքը հաստատելու» անհրաժեշտության մասին:

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ի երեկոյան:

Օկտյաբրսկիի 18-ամյա բնակիչը հարձակվել է ճանապարհային ոստիկանության աշխատակից Վիլմիր Մինիխանովի վրա եւ դանակով հարվածներ հասցրել պարանոցի, կրծքավանդակի հատվածում:

Հարձակվողը փորձել է թաքնվել, սակայն ձերբակալվել է ոստիկանների կողմից, ընդ որում նա դիմադրություն է  ցույց տվել եւ վիրավորել է պարեկապահակային ծառայության մի սերժանտի: Դանակն առգրավել են, իսկ հանցագործին ուղարկել են դատահոգեբուժական փորձաքննության: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել: