Հայաստանի ոստիկանությունը կարծես Յուպիտերի գլխից ծնված Միներվան լինի, որը եռանդուն, կարելի է ասել լայնամասշտաբ պայքար է սկսել... բայց ոչ թե կոռուպցիայի, հանցավորության կամ բռնության դեմ, այլ «շատ ավելի ավերիչ ու վտանգավոր, հակասոցիալական», անգամ «հակահայկական» երեւույթի` էմո» ենթամշակույթի դեմ, որի հետեւորդների թիվը Երեւանում շուրջ 30 է, հիմնականում 13-19 տարեկան երեխաներ: Ոստիկանությունը գտնում է, որ նրանք հակված են ինքնասպանության, հետեւաբար, նրանց անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել:

Սակայն ոստիկանությունն, ակնհայտորեն, չափն անցել է: Եթե կես տարի առաջ Հայաստանում «էմո»-ների մասին գիտեին միայն իրենք` «էմո»-ները, ապա հիմա այդ թեման դարձել է ամենաթեժ քննարկվողներից մեկն ինչպես  մամուլում, այնպես էլ հայկական բլոգոսֆերայում, որոշ դեպքերում անցնելով եւ ստվեր գցելով անգամ օտարալեզու դպրոցների դեմ բողոքի ալիքին:

Շնորհիվ Ոստիկանության «փայլուն» ուղեղների, հիմա Հայաստանում «էմո»-ների թիվը աճելու է երկրաչափական պրոգրեսիայով: «Էմո»-ները  նման գովազդ երազում էլ չէին տեսել:

Էմո-ների դեմ այս հանճարեղության աստիճանի հասնող անհեթեթ ակցիաների նախաձեռնողին, հաստատ չէր խանգարի անչափահասների հոգեբանության տարրական կուրսեր անցնել, ընդհանրապես, մի փոքր կարդալ «էմո» ենթամշակույթի մասին: Բայց ոչ, ոստիկանությունը որոշել է գործել «հին ու բարի» մեթոդներով. Կացինը գլխացավից ազատվելու լավագույն միջոցն է: Ի դեպ, իրավապահ մարմիններում որոշ տաքգլուխների դա հաստատ չէր խանգարի:

Այսպես, նախօրեին՝ նոյեմբերի 18-ի երեկոյան Հայաստանի ոստիկանությունը, հայ հասարակության մեջ գողերին եւ բռնաբարողներին, ինչպես նաեւ գիշերային ակումբներում ու ռեստորաններում կրակելու հետ սեր ունեցող «պապայի բալաներին» արմատախիլ անելուց հետո բերման են ենթարկել 7 աղջիկների, որոնք, ինչպես իրենց է թվացել, «էմո» սուբմշակույթի կրողներ են:

Թեեւ «բերման ենթարկելը» մեղմ է ասված: Ոստիկանները, աղջիկների մազերից քարշ տալով, նրանց մտցրել են մեքենա եւ տարել ոստիկանատուն՝ ձեռքի հետ էլ բաժին տանելով այդ պահին պատահական անցնող մի երիտասարդի՝ ճղած ջինսերով: Իհարկե, դա «հոպարներ» ու «մորքուրներ» չեն, որ կարող են դիմադրել կամ փաստաբան պահանջել, կամ էլ օլիգարխ-պատգամավորների բալիկներ, որոնց հայրիկների տեսքից ոստիկանների մոտ ուղեղի՝ գիտակցության համար պատասխանատու հատվածների սպազմ է առաջանում, այլ դեռահասներ, որոնք առավելագույնը կարող են արտասվել: Հարցաքննությունից հետո, ինչն, ի դեպ, հակաօրինական է, դեռահասներին ազատ են արձակել:

Մեր երախտագիտությունը հայտնենք փառապանծ ոստիկանությանը՝ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ: Ինչ-ինչ, բայց մեր ոստիկաններից հրաշալի PR-շիկներ դուրս կգա:

Նշենք, որ այսօր տեղի է ունենալու ձերբակալված դեռահասների մամուլի ասուլիսը, իսկ Facebook սոցիալական ցանցում արդեն բողոքի «Ես ԷՄՈ եմ» ակցիա է սկսվել: