Թեեւ Թուրքիայի եւ Հայաստանի երկկողմ բանակցությունները եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացն իրար հետ ուղղակիորեն կապված չեն, նրանք պետք է շարժվեն զուգահեռ ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ամերիկյան փորձագետ, Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտի ղեկավար Զեյնո Բարանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի կինը՝ ադրբեջանական «1news.az» գործակալությանը տված հարցազրույցում:

«Հուսով եմ եւ ենթադրում եմ, որ կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը) բավական մոտ են բանակցությունների ավարտին, եւ վստահ եմ, որ նրանք կշարունակեն բանակցությունները մինչեւ վերջ»,- հայտարարել է Բարանը՝ ընդգծելով, որ իր կարծիքով՝ Ադրբեջանի եւ Հայաստանինախագահները հաջորդ հանդիպմանը լուրջ ճեղքում չի լինելու, բայց դա «չի նշանակում, որ ձախողում է լինելու»:

Հարցին, արդյո՞ք հնարավորություն կա հասնելու առաջընթացի ղարաբաղյան հակամարտության բանակցային գործըթնացում այս տարվա ընթացքում, Բարանը պատասխանել է, որ անշուշտ նման հնարավորություն կա. «Հավանաբար դա էլ հենց դա է պատճառը, թե ինչու են Հայաստանն ու Թուրքիան հայտարարեցին մինչեւ տարեվերջ որոշակի քայլեր կատարելու մասին»:

«Բանակացությունները շատ բարդ են, եւ երկու կողմերն էլ պետք է մի շարք խիզախ ու վիճահարույց քայլեր կատարեն: Ես չգիտեմ՝ ինչ է քննարկվում փակ դռների ետեւում, բայց վստահ եմ, որ „օկուպացված տարածքները“ վերադարձվելու են»,- ընդգծել է նա եւ հավելել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կոշտ բանակցությունների փուլում են, եւ ժամանակ առ ժամանակ փորձելու են իրարից զիջումներ կորզել:

Հավանականությունը, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները կարող են ինչ-որ չափով ճնշում գործադրել, Բարանը բացառում է. «Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ունեն լուծման իրենց մոտեցումները, բայց վերջին հաշվով նշանակություն է ունենալու Հայաստանում եւ Ադրբեջանում մարդկանց կարծիքը»:

Անդրադառնալով հակամարտության լուծման գործում ԱՄՆ-ի դերին եւ ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշմանը՝ Բարանը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի հարցում ամերիկյան քաղաքականությունը պայմանավորված է ոչ միայն մի խմբի շահերից եւ կախված չէ կողմերից մեկի շահերով»: Նա նաեւ անդրադարձել է հայկական լոբբիի ազդեցությանը եւ ընդգծել, որ ամերիկահայ լոբբին ավանդաբար շատ ուժեղ է, եւ հատկապես այն պայմաններում, երբ դեմոկրատական կուսակցությունն է վերահսկում Կոնգրեսն ու Սպիտակ տունը: Միեւնույն ժամանակ Բարանը նկատել է, որ «Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները եւ ահաբեկչության ոլորտում նրա՝ ԱՄՆ-ի դաշնակցի դերը թույլ է տալիս Վաշինգտոնի քաղաքականության վրա նույնպիսի ազդեցություն ունենալ, ինչ հայկական լոբբին»: