Հայաստանի զինված ուժերի զինծառայողների ու նրանց ընտանիքների միջեւ կապը բարելավելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է բջջային հեռախոսներից զինծառայողների օգտվելու կարգը:

ՊՆ մամուլի ծառայությունբից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն ընդունված կարգի` զինծառայողը սահմանված ժամերին իրավունք ունի օգտագործել իր դասակի տնօրինության տակ գտնվող բջջային հեռախոսը եւ զանգահարել հարազատներին:

ՊՆ-ի եւ VivaCell MTS ընկերության միջեւ ստորագրված պայմանագրով զինծառայողների համար գործելու է հատուկ սակագնային պլան, ըստ որի, զանգահարող զինծառայողը չի վճարելու: Հեռախոսազանգի համար վճարելու է զանգն ընդունող կողմը, որի մասին նա նախապես կտեղեկացվի:

Սեյրան Օհանյանի մեկ այլ հրամանով կանոնակարգվել են ՀՀ ԶՈՒ հեռավոր եւ սահմանամերձ շրջաններում տեղակայված զորամասերում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների հարազատների այցելությունները. սահմանվել են այցելությունների երթուղիներն ու ժամանակացույցը:

Համաձայն սահմանված կարգի` զորամասեր մեկնող հարազատների ցուցակները կազմվում են տարածքային զինկոմիսարիատներում, իսկ մեկնումը նախատեսված է հանրապետական հավաքակայանից: