ԱՄՆ-ը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են անում պահպանել երկխոսությունը: Այդ մասին նոյեմբերի 18-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի փոխքարտուղար Մարկ Թոները: Լրագրողների մեկի հարցին. «Հետաքրքիր է իմանալ, պատասխան ունե՞ք արդյոք ղարաբաղյան գործընթացում ռազմատենչ հռետորաբանության աճի վերաբերյալ, երբ Հայաստանի նախագահն օրինակ սպառնում է լուծել այդ հարցը մեկընդմիշտ եւ հավերժ՝ ուժի կիրառմամբ: Ունե՞ք, արդյոք, խորհուրդներ այդ կապակցությամբ»:
Ի պատասխան Մարկ Թոներն ասել է. «Ես տեղյակ չեմ այդ մեկնաբանություններից: Ես գիտեմ, որ մենք շարունակում ենք մասնակցել Մինսկի գործընթացում, բայց մենք տեղեկություններ չունենք այդ կապակցությամբ: Ես ուղղակի կոչ եմ անում բոլորին պահպանել երկխոսությունը եւ խուսափել լարվածությունն ավելացնող հռետորաբանությունից»:
Նշենք, որ Հայաստանի նախագահի վերոնշյալ հայտարարությունը պատասխան էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին:





























