Նոր Զելանդիայում նոյեմբերի 19-ին պայթյուն է տեղի ունեցել ածխահանքում, մոտ 30 հանքափորներ անհետ կորած են համարվում: Ողբերգությունը տեղի է ունեցել Հարավային կղզում՝ Գրեյմաութ քաղաքից 50 կմ հեռավորության վրա: Նախնական տվյալներով, պայթյունը շատ հզոր է եղել: Պայթյունի պատճառներն ու տեղի ունեցածի հանգամանքները չեն պարզվել:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին նորզելանդական ռադիոյով հայտարարել է Գրեյմաութ քաղաքի քաղաքապետը:
Հանքափորներից միայն երկուսին է հաջողվել ինքնուրույն դուրս գալ հանքից: Մյուսների հետ կապը կորել է, ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:
Նշենք, որ Նոր Զելանդիան պատմության ընթացքում վեց խոշոր վթար է ապրել: Առաջինը տեղի է ունեցել 1879թ. Կանտանգատա հանքում, երբ մահացել էին 34 մարդ: Վերջին անգամ ողբերգություն եղել էր Սթրոնգմեն հանքում՝ 1967թ. հունվարին, որտեղ հզոր պայթյունը խլել էր 19 հանքափորների կյանք:





























