System of a Down ռոք-խումբը, որը գտնվում է ստեղծագործական արձակուրդում, մտադիր է վերամիավորվել եւ 2011թ. համերգային շրջաայություն սկսել:

Ֆրանսիական RTL2 ռադիոկայանի Dj Ֆրանսիսա Զեգուն նշել է, որ խումբը 2011թ. հունիսի 6-ին համերգ է տալու Փարիզում՝ Բերսի սպորտդահլիճում: Նախատեսվում է, որ դա կդառնա System of a Down-ի եվրոպական շրջագայության մի մասը: Խումբն այդ մասին պաշտոնական հայտարարություն կանի հաջորդ շաբաթ:

Ավելի վաղ խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով ակտիվորեն մենահամերգներ է տալիս, ասել է, թե ամռանը բոլորը հավաքվել են բասիստ Շավո Օդաջյանի հարսանիքին:

«Մենք զրուցել ենք, մենք դեռ ընկերներ ենք, եւ ոչինչ չի փոխվել: Մենք համերգների շատ հրավերներ ենք ստանում, եւ քննարկել ենք դրանք»,- ասել էր երգիչը:

System of a Down խումբը հիմնվել է 1995թ. Լոս-ԱՆջելեսում` Հայաստանից արտագաղթած Սերժ Թանկյանի, կիթառահար Դարոն Մալաքյանի, բասիստ Շավո Օդաջյանի եւ թմբկահար Ջոն Դոլմայանի կողմից: