Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը նոյեմբերի 18-ին, գերմանական Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի աջակցությամբ կայացած Road Map for Peace in the Southern Caucasus: - Property – Liberty – Prosperity խորագրով սեմինարի ժամանակ անդրադարձել է մարտիմեկյան դեպքերի արդյունքում դատապարտված եւ անազատության մեջ գտնվող 9 անձանց, այդ թվում՝ Փաշինյանի հետագա ճակատագրին:
«Դեսպանությունը հետաքրքրությամբ եւ ուշադրությամբ հետեւում է 2008թ. մարտյան իրադարձությունների առնչությամբ ծավալվող զարգացումներին։ Ինչ վերաբերում է 9-ի խմբի քաղաքական ճակատագրին, նրանց, ովքեր ձերբակալվել եւ դեռ անազատության մեջ են, կարեւոր է եւ հետաքրքիր, թե գործադիր եւ դատական իշխանություններն ինչպե՞ս կանդրադառնան այս հարցին։ Միջազգային հանրությունը (Եվրամիությունը եւ նրա անդամ պետությունները, ինչպես նաեւ՝ Եվրախորհուրդը) քննադատ աչքով հետեւում են նաեւ, թե ինչ ընթացք կտրվի Փաշինյանի դեպքին դատական եւ գործադիր իշխանությունների կողմից։
Այդուհանդերձ հենց Փաշինյանի հետ կապված վերջին դեպքը մտածելու տեղիք է տալիս. ինձ համար՝ որպես իրավաբանի, դժվար է հասկանալ, թե ինչո՞ւ են քննադատություններ հնչում նախքան գործի քննության ավարտը։ Համենայնդեպս՝ ճիշտ կլիներ իրականացնել նաեւ կրկնակի փորձաքննություն, ինչպես օրինակ առաջարկում էր մարդու իրավունքների պաշտպանը, սպասելով արդյունքներին՝ նախքան «շարունակական բռնությունների եւ մեկուսացման» մասին խոսելը»,- ասել է դեսպանը սեմինարի ժամանակ:





























