ՕԵԿ-ին վերակենդանացնել հնարավոր չէ, որովհետեւ 2008 թվականին այդ կուսակցությունը դավաճանեց բոլոր այն սոցիալական շերտերին, որոնց բազմաթիվ խոստումներ էր տվել: Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք իշխանություններին կհաջողվի՞ 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ վերակենդանացնել ՕԵԿ-ին: «ՕԵԿ-ը 2008-ին խոստանում էր խրախուսել միջին եւ փոքր բիզնեսին, սակայն 2008-ին մտավ կոալիցիա եւ ծպտուն չհանեց իր այդ ծրագրի մասին: Ինչպե՞ս կարելի է խոսել այդ կուսակցության վերակենդանացման մասին, երբ այն դավաճանեց իր բոլոր սկզբունքներն ու գաղափարները»,-ասաց Բոզոյանը:
Ասուլիսին ներկա քաղաքագիտության դոկտոր Լեւոն Շիրինյանն էլ ասաց, թե Հայաստանի քաղաքական դաշտում ընդունված է կիրառել հետեւյալ տեխնոլոգիան՝ եթե կա մեկ գլխավոր կուսակցություն, պետք է լինեն մի քանի «շնիկ» կուսակցություններ, որոնք իրականում կուսակցություններ չեն, այլ՝ խաղաքարտեր:
«Տեխնոլոգիական մասի մեջ ես կարող եմ պատկերացնել, որ իշխանությունները կփորձեն կիրառել ուժեր՝ «Օրինաց երկիր», հորինած երկիր եւ այլն: Կփորձեն, կլինի՝ կլինի, չի լինի՝ նոր ֆավորիտ կբերեն մեջտեղ»:
Ըստ Շիրինյանի՝ գուցե ասպարեզ իջնի նոր ուժ, որը կգլխավորի որեւէ «սիրուն տղա», ում էլ ձայն կտան աղջիկները: «Մի սիրուն տղամարդ կբերեն, ինչպես ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանին, որին ձայն կտան»,-ասաց բանախոսը: «Ուրիշ երկրներում այդպիսի բան չեն անի, քանի որ այդտեղ քաղաքական մշակույթը բարձր է, իշխանության քաղաքական, կրթական մակարդակը բարձր է: Ասենք, Լիտվայում չեն անի, ուրիշ բան կանեն: Սակայն մեր քաղաքական մշակույթը ցածր մակարդակ ունի»,-ասաց Շիրինյանը:
Ի դեպ, «շնիկ կուսակցություն» ասելով՝ Շիրինյանը նկատի ունի այն կուսակցություններին, ովքեր չորս հոգով՝ զոքանչով, հարեւանով հավաքվում են ու իրենց կոչում քաղաքական ուժ:





























