Թուրքական Sabah թերթը անդրադարձել է Եվրամիության լրատվական կայքէջի այն տեղեկությանը, ըստ որի, Եվրամիության միջազգային ցամաքային հաղորդակցության միության նախագահ Մայքլ Նիլսենը հայտարարել է, որ Թուրքիան առանցքային դերակատարում կունենա «Նոր եվրասիական ցամաքային նախաձեռնություն» (NELTI; New Eurasian Land Transport Initiative) ծրագրում։ Այն ենթադրում է Եվրոպան ավտոճանապարհով կապել Կովկասի հետ։
Այս համատեքստում թուրքական Sabah-ը ներկայացնում է Թուրքիայի ԱԳ նախարարի երկար շրջագայությունից հետո, Թուրքիա վերադառնալիս, ինքնաթիռում խոսակցությունը։ Դավութօղլուն ասել է, որ ԵՄ ԱԳ նախարարների կիսապաշտոնական գագաթնաժողովի ժամանակ նա երկու առաջարկություն է արել. 1. Թուրքիան առաջիկայում հարավ-արեւելյան եվրոպական երկրների գագաթնաժողով է կազմակերպելու։ 2. Թուրքիան իրականացնելու է Կովկաս-Եվրոպա ցամաքային ուղին։ Այդ ճանապարհը սկիզբ է առնելու Ադրբեջանից, անցնելու է Լեռնային Ղարաբաղով, Լաչինի միջանցքով, Հայաստանով, Նախիջեւանով եւ Թուրքիայով մտնելու է Եվրոպա։ Այդ նախագիծը կկոչվի Խաղաղության ճանապարհ։
Դավութօղլուն նաեւ պատմել է, որ այս ամենը լսելուց հետո Ֆինլանդիայի արտգործնախարարը տեղից շրջվելով ասել է. « Առանց Թուրքիայի՝ Եվրամիությունը ոչ տարածաշրջանային հարցեր կարող է լուծել, ոչ էլ միջազգային ուժ կարող է դառնալ»:




























