Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորած պատվիրակությանը եւ ներկայացրել Հայաստանի դատախազության համակարգում իրականացված բարեփոխումների փուլերն ու արդյունքները:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ փորձագետ, պրոֆեսոր Լեոնիդ Գոլովկոն, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ օրենքի գերակայության բաժնի ղեկավարի տեղակալ Վասիլի Վաշչանկան:

Աղվան Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարին՝ խնդրանքին արձագանքելու եւ Հայաստանի դատախազության համակարգում իրականացված բարեփոխումներն ուսումնասիրելու նպատակով փորձագետներ հրավիրելու համար: Նա ներկայացրել է իրականացված բարեփոխումների փուլերը եւ արդյունքները, դատախազության ներկայիս գործառույթները եւ դրանք իրականացնելու համար նախատեսված մեխանիզմները, կառուցվածքը, աշխատանքի ընդունվելու բարդ ընթացակարգը եւ դատախազության աշխատողների վարքագծի վերաբերյալ բողոքների քննարկման համար նախատեսված էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը:

ՀՀ գլխավոր դատախազը նկատել է, որ անցած երեք տարիների ընթացքոմ արդեն իսկ ի հայտ են եկել որոշ խնդիրներ, բացթողումներ, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ եւ հույս  հայտնել, որ փորձագետներն իրենց խորհրդատվությամբ կաջակցեն բարեփոխումներին:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հետազոտությունը փորձագետները կիրականացնեն երկու փուլով. Նախ՝ կուսումնասիրեն օրենսդրական դաշտը, ապա օրենսդրական նորմերի կիրառումն ու խնդիրները պրակտիկ աշխատանքում, որից հետո   հանդես կգան իրականացված բարեփոխումների, արդեն իսկ մշակված օրինագծերի  վերաբերյալ փորձագիտական եզրակացությամբ  եւ կներկայացնեն առաջարկություններ՝ ըստ անհրաժեշտության:

Դեսպան Ս.Կապինոսը արձանագրել է, որ այսպիսով կդրվի  ԵԱՀԿ-ի եւ դատախազության միջեւ համագործակցության նոր հիմք՝ ի շահ արդարադատության իրականացման եւ իրավապահ մարմինների աշխատանքների արդյունավետության բարձրացման: