Ցեղել ժողովրդին՝ նշանակում է ժողովրդին վերադարձնել իր ազգային ակունքներին, ազգայնացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր Լեւոն Շիրինյանը՝ պատասխանելով քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի՝ օրերս արած այն հարցադրմանը, թե ի՞նչ է նկատի ունեցել Գարեգին Նժդեհը՝ «Այս ժողովրդին պետք է ցեղել» ասելով: Նա ասաց, որ Նժդեհի ուսմունքը ի հայտ եկավ պատմական այն ժամանակաշրջանում, երբ ժողովրդի ապականման եւ ուծացման խնդիրն էր ի հայտ եկել: «Գերմանացիների մոտ Նժդեհի գաղափարախոսության քարոզիչը Ֆիխտեն է: Բայց գեմանացիների մտքով չի անցել, որ Ֆիխտեի գաղափարախոսությունը ազգային գաղափարախոսության հիմքն է»:
Շիրինյանի խոսքով՝ նժդեհականությունն առաջացել է որպես հակադրություն Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին ի հայտ եկած ապազգայնության: «Մի աննպատակ հասարակություն, որտեղ պետք է ուտեն, խմեն, քեֆ անեն: Իսկ պահպանողականությունը հակառակն է ասում՝ վերադարձեք ձեր ակունքներին եւ դուք երջանիկ կլինեք»,-նկատեց Շիրինյանը:
Նա նաեւ անդրադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ վերջին հանրահավաքում արած հայտարարությանը, թե նժդեհականությունը նույն ֆաշիզմն է: «Ինքն է ֆաշիստը: Նա լիբերալ ֆաշիստ է: Կա ազատական ֆաշիզմ, որն ավելի վտանգավոր է, քանի որ քանդում է ժողովուրդների գոյության հիմքերը»,-ասաց նա:




























