Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հաստատել է, որ իր ապահովագրական ընկերությունը կիսապաշտպան Սթիվեն Ջերարդի վնասվածքի համար Լիվերպուլին փոխհատուցում կվճարի: Գումարը կարող է հասնել մինչեւ 500 հազար ֆունտ ստերլինգի, գրում է Sportinglife-ը:
Ջերարդը վնասվածք էր ստացել Անգլիա - Ֆրանսիա ընկերական հանդիպման ժամանակ եւ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մոտ մեկ ամիս: Խաղից առաջ Լիվերպուլը հավաքականի հետ պայմանավորվել էր, որ Ջերարդը մեկ ժամից ավելի չի խաղա, սակայն Կապելոն նրան խաղադաշտում պահեց 85 րոպե եւ ստիպված փոխարինեց:
Վնասվածքի համար փոխհատուցում վճարելու պրակտիկան արդեն սովորական է դառնում: Այս մրցաշրջանում ազգային թիմում վնասվածք ստացած Թեո Ուոլքոթի եւ Ջերմեյն Դեֆոյի համար եւս Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան վճարել էր համապատասխանաբար Արսենալին եւ Տոտենհեմին:




























