«Դժվար չէ նկատել, որ միջազգային հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես է գալիս որպես մի պետություն, որը ձգտում է ժողովրդավարական զարգացման ու իր քաղաքականությունը, տնտեսական ու ռազմական հնարավորություններն ուղղում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»։ Այս մասին հայտարարել է Ղարաբաղի «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանը։

«Ի՞նչ կարող է տալ ԼՂՀ պետական անկախության միջազգային ճանաչումը տարածքային անվտանգության ապահովման տեսանկյունից։ Ըստ իս, ԼՂՀ ճանաչումը զգալիորեն կնպաստի տարածաշրջանում ուժերի հաշվեկշռի պահպանմանը, եւ կհանդիսանա Ադրբեջանից հնչող մշտական սպառնալիքների զսպման գործոն ու կկանխի նոր պատերազմի հնարավորությունը։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը իսլամական ծայրահեղականության որջերից մեկն է եւ աջակցում է ահաբեկչության տարածմանը։ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումից հետո, միջազգային հակաահաբեկչական ջանքերի շրջանակներում հանրապետությանը կարելի է շնորհել ահաբեկչության դեմ պայքարող առաջամարտիկի դեր»,- ասել է Մհեր Հարությունյանը՝ նշելով, որ Ադրբեջանը մշտական սպառնալիք է ներկայացնում նաեւ ժողովրդավարությանը եւ իր ռազմատենչ քաղաքականությամբ խոչընդոտում է ԼՂՀ-ի ժողովրդավարական գործընթացներին։

«Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության ճանաչումը կխթանի ԼՂՀ-ի ժողովրդավարական զարգացումը, որը կարող է ժողովրդավարության օրինակ հանդիսանալ Ադրբեջանի համար»,- եզրակացրել է արցախցի պատմաբանը։