Երկրորդ համաշխարհային ու Հայրենական մեծ պատերազմի տարիներին Դիմադրության շարժման մեջ տասնյակ հազարավոր հայեր մարտնչել են պարտիզանական ջոկատների կազմում։ Շատ հայեր են իրենց կյանքերը տվել հանուն ֆաշիստական լծից Եվրոպայի ազատագրման։
Ռուս- հայկական ռազմավարական ու հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի տվյալներով՝ Բելառուսում ու Ուկրաինայում մարտնչել են ավելի քան 2000, Ղրիմում ու Հյուսիսային Կովկասում՝ 500, Մերձբալթիկայում, Լենինգրադի, Կալինինգրադի շեւրջաններում՝ 200, Ֆրանսիայում՝ 1200, Հունաստանում՝ ավելի քան 1000, Հոլանդիայում՝ մոտ 800 հայ պարտիզաններ։
Ուկրաինայի տարածքում գործում էր Անաստաս Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատը ( թվով 250 հայ)՝ Արամայիս Հովսեփյանի ղեկավարությամբ։ Բելառուսում մարտնչում էր Չապաեւի անվան պարտիզանական ջոկատը՝ Խաչիկ Մաթեւոսյանի հրամանատարությամբ, Ստալինի անվան բրիգադը ՝ Սմբատ Արզումանյանի ղեկավարությամբ, «Պոբեդա» ջոկատը՝ Լազար Բադալյանի հրամանատարությամբ։
Ֆրանսիայում գործել է 1-ին խորհրդային պարտիզանական գունդը՝ գնդապետ Ալեքսանդր Կազարյանի համանատարությամբ (գնդում ծառայել է ավելի քան 2000 նախկին խորհրդային ռազմագերիներ, նրանցից 1200-ը հայեր էին)։ Իր սխրանքներով Ֆրանսիայում հռչակվել է Փարիզյան շրջանի միավորված ինտերնացիոնալ հակաֆաշիստական խմբի հրամանատար Միսակ Մանուշյանը, որը հետմահու արժանացել է Դիմադրության ֆրանսիական հակաֆաշիստական շարժման հերոսի կոչման։ Մանուշյանի խմբին մեծ օգնություն էին ցուցաբերում աշխարհահռչակ երգիչ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծնողները՝ Մամիկոն ու Քնար Ազնավուրյանները, Շառլի քույրը՝ Աիդան, ու 20-ամյա Շառլը։ Ֆրանսիայի ազատության համար իրենց կյանքն են տվել Լուիզա ու Արփիար Ասլանյանները, Մանուշյան խմբի անդամ Արբեն Դավիդյանն ու այլոք ։
Ավելի քան 300 հայ է զոհվել Հունաստանում ընթացող պարտիզանական պատերազմում։ Այնտեղ գործում էր «Ազատություն» պարտիզանական ջոկատը՝ Բաբկեն Ներսիսյանի ղեկավարությամբ, որի շարքերում ավելի քան 1000 հայ էր մարտնչում։ Հունաստանի ազգային ազատագրական ճակատի ու ժողովրդական ազատագրական բանակի շարքերում մարտնչել ու զոհվել է ավելի քան 80 հայ՝ այդ թվում Վահրամ Սաղանյանը, Արամ Գեոկչյանը, Մկրտիչ Սաֆարյանը, Մարտիրոս Իսպիրյանը, Գեւորգ Բարիջանյանը, Անդրանիկ Ղուկասյանը , Գաբրիելե Թավուլգյանը։
Հայտնի են չեխոսլովակյան Դիմադրության հերոսներ Ա․ Օգանեսյանի, Ա․ Իլիկչյանի, Վ․ Վարդանյանի, Ռ․ Դանիելյանի, Ա․ Բաբայանի սխրանքները։
Հայերը իրենց ավանդն են ներդրել նաեւ Հարավսլավիայի ժողովուրդների ազատագրական պայքարում։ Ա․ Դոլինինի հրամանատարությամբ հերոսացել են հետախույզ Գրիգորի Միրզոեւն ու Գուրգեն Աղաջանյանը։ Հայրենասեր հայերը քիչ փառավոր էջեր չեն գրել նաեւ Դիմադրության իտալական շարժման մեջ։ Իտալական «Ուֆֆիչիանի» թերթը 1957-ի հունիսին հրապարակել էր դեկրետ՝ Գեւորգ Կոլեզյանին հետմահու «Ռազմական սխրանքի համար բրոնզե մեդալով» պարգեւատրելու մասին։ «Սինիտանիա գարիբալդիական բրիգադ» գրքում գրված է Սուրեն Կիրակոսյանի անունը, որը ընկել էր Մոնտեմաջիի մոտ մարտում 1944-ի հուլիսի 21-ին։
Շատ հայեր են մասնակցել բուլղարական ժողովրդի ազատագրական պայքարում ։ 1944-ի ամռանը հայազգի Աղասի Հակոբյանը ՝ բուլղարացի հայրենասերների հետ միասին ազատվել է հիտլերյան գերեվարությունից ու ուղարկվել Մոմչիլ Վոեւոդի անվան պարտիզանական ջոկատ։ Հիտլերականերից բուլղարացիների ազատագրման համար քաջաբար պայքարել է Արտեմ Պողոսյանը։ 1944-ի մայիսին ֆաշիստները կալանավորել են նրան ու գազանաբար սպանել։ Դիմադրության բուլղարական շարժմանը ակտիվ մասնակցել են Բուլղարիայում բնակվող բազմաթիվ հայեր ՝ Արմենակ Թագվորյանը, Կարապետ Խաչաատրյանը, Օհան Բասմանջյանը, Դավիթ Դավիթյանը, Սարգիս Ստեփանյանը, Գեւորգ Դեմիրճյանը, Կարապետ Միքայելյանը, Հովհաննես Բակլավաջյանը, Կարո Չնգոզյանը, Զոհրապ Կասաբյանը, Արամ Մանուկյանը, Աղավնի Բաշմակջյանը, Անտուան Դյուրգերյանըը, Սարգիս Այանյանը, Տիրան Բարիկյանը, Կարո ու Հակոբ Մարգարյանները, Գեւորգ Հակոբյանը, Ստեփան Թանդրյանը, Մանուկ Կարագեզյանը։ 1943-ին Սոֆիայում ծնված հայուհի Հերմինե Ռասգրեգլյանը անդամակցել է «Չավդար» բուլղարական պարտիզանական ջոկատին ու անձնուրաց պայքարել ֆաշիստների դեմ։ Մի անգամ սարերում ծավալված մարտից հետո դահիճները գերեվարել են նրան։
Բելգիայի տարածքում առավել խոշոր պարտիզանական կառույցը,որը հիմնականում բաղկացած էր խորհրդային քաղաքացիներից, «Հանուն հայրենիքի» բրիգադն էր։
1943-ի մայիս- հուլիսին գերմանացիները ռազմագերի հայերին Հոլանդիա են բերել։ Նրանցից մի քանիսը շփում են հաստատել Դիմադրության հոլանդական շարժման հետ։ Նրանց շարքերում էր ռազմագերի Թելեմակ Մարտիրոսյանը։ Հոլանդիայում Դիմադրության շարժման մասնակիցներից էին Նապոլեոն Դարբինյանը, բժիշկներ Գրիգորի Միրզախանյանը; Հակոբ Կազարյանը, Արշակը՝ Շուլավերից, Ռուբեն Մելիքյանն ու այլոք։ Վ․ Նագելի գրած «Գնացքները չեն վերադառնում» գրքի երկու գլուխները նվիրված են հոլանդական Դիմադրության շարժմանը։ 1943-ի սկզբին Հոլանդիայում ռազմագերի հայերից բաղկացած չորրորդ գումարտակում ակտիվ գործում էր հակաֆաշիստական ընդհատակյա կազմակերպություն, որը ղեկավարում էին Ա․Կարապետյանը, Վ․ Վարդանյանը, Վ․ Մկրտչյանը ու այլոք։ Հարթվել էր կապ Դիմադրության շարժման լեհ մասնակիցների հետ։ Սակայն 1943-ի փետրվարին գերմանացիները հայտնաբերել էին յոթ ընդհատակյա գործիչների հետքը ու նրանց հետ արյունոտ հաշվեհարդար տեսել։ Մայիս- հունիս ամիսներին հայ լեգիոներները , թվով մոտ 1500 մարդ, Հոլանդիայում էին՝ իրենց ծառայությունն իրականացնելու համար։ Նրանք կապի էին հաստատել Դիմադրության տեղական շարժման հետ, նրանց մատակարարելով սպառազինում ու զինամթերք։ Հոլանդիայի դիմադրության պատմության ամենավառ էջերից մեկը եղել է 1944-ի վերջին ռազմագերի հայերի մասնակցությունը Տեկսել կղզու վրա սկսված ապստամբությանը։




























