ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սպարտակ Մելիքյանը միայն սեփական նախաձեռնությամբ չէ, որ դեմարշ սկսեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ պատասխանելով հարցին՝ Սպարտակ Մելիքյան-Իշխան Զաքարյանի դիմակայությունը քաղաքակա՞ն դիմակայություն է, թե՞ անձնական: «Իշխան Զաքարյանը քաղաքականության մեջ շատ կարեւոր դեր է տանում եւ համարվում է նախագահի մարդը: Այն, ինչ տեղի է ունենում Զաքարյանի եւ Մելիքյանի միջեւ, դա միայն նրանց խաղը չէ, այլ այն շրջանակների, որոնք պատվեր են իջեցնում Զաքարյանին: Այնպես որ, Զաքարյանն եւ Մելիքյանը կատարողների մակարդակի գործիչներ են»,-ասաց նա: Քաղաքագետը նաեւ հավելեց, որ տեղի ունեցած կոնֆլիկտում չպետք է քաղաքական խնդիր փնտրել: «Դա խնդիր է գործող նախագահի, եւ այն շրջանակների միջեւ, որոնք դժգոհ են ՎՊ-ի ստուգումներից: Ես չեմ ուզենա այդ կոնֆլիկտը քաղաքական հարթության մեջ դիտարկել: Բայց այն, որ ներկուլիսային, իշխանամերձ շրջանակներում որոշակի խնդիր կա, դա միանաշանակ է: Սպարտակ Մելիքյանը միայն իր շահերից ելնելով այդպիսի խնդիր չէր բարձրացնի»,-ասաց քաղաքագետը: Հարցին, թե ինչո՞վ կավարտվի կոնֆլիկտը, Բոզոյանը նկատեց. «Ինձ համար եւս հետաքրքիր է, թե ինչքան հետեւողական կլինի Մելիքյանը: Իշխանությունը չի զոհաբերի Իշխան Զաքարյանին: Իշխանության համար ավելի հեշտ է զոհաբերել Մելիքյանին, իսկ սկզբի համար կսկսեն լռեցնել նրան: Իսկ եթե Մելիքյանը չլռի, ապա ռեպրեսիա կսկսվի հենց նրա դեմ»:

Հիշեցնենք, որ Սպարտակ Մելիքյանը Իշխան Զաքարյանին մեղադրում է կաշառակերության մեջ: Նա հավաստիացնում է, որ իրեն պատկանող «Անանիա Շիրակացի» համալսարանում ստուգումներ իրականացնելիս ՎՊ փորձագետները 4 հազար դոլար են ուզել, հայտարարելով, թե այդ մասին տեղյակ է ՎՊ նախագահը: Իշխան Զաքարյանը Մելիքյանի այս հայտարարությունից հետո դիմել է դատարան, իսկ Մելիքյանը խնդրում է դադարեցնել իր պատգամավորական անձեռնմխելիությունը՝ դատական պրոցեսին չխոչընդոտելու համար: