Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը դեմ է ազգագրագետ, Սարդարապատի թանգարանի ազգագրության բաժնի նախկին վարիչ Աշխունջ Պողոսյանի այն մտքին, որ Հայաստանում գորգերի առանձին թանգարան բացվի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա իր այս դիրքորոշումը բացատրեց հետեւյալ կերպ. «Նախ, Հայաստանի Հանրապետության  օրենքով թանգարան բացվում է այն ժամանակ, երբ կա հիմնադիր հավաքածու։ Այնինչ ազգագրագետը նման հավաքածու չունի. կան հավաքածուներ, որոնք պատկանում են Հայաստանի պատմության թանգարանին, Ժողարվեստի կամ Սարդարապատի թանգարաններին։ Եթե պետք է բացվի մի թանգարան, որը մեկ այլ թանգարանից պետք է վերցնի նրա հիմնադիր հավաքածուն, այսինքն բացվի տվյալ կառույցի հաշվին, լավ է, որ ընդհանրապես չբացվի։ Յուրաքանչյուր թանգարանի ինքնությունը հաստատում է տվյալ թանգարանային մայր հավաքածուն։ Եթե, օրինակ, մեզ մոտ պահվում են 16-րդ, 17-րդ կամ 18-րդ դարի գորգեր, որոնք մեր թանգարանի բնութագիրն են եւ ինքնության որոշակի հաստատումը, ինչո՞ւ պետք է այդ նմուշները դուրս բերվեն այստեղից»,- հարց հնչեցրեց Անելկա Գրիգորյանն ու հավելեց. «Հայաստանում «Թանգարանների մասին» օրենքով, թանգարանային մայր հավաքածուն նույն այդ թանգարանի անբաժանելի եւ անբեկանելի մասն է։ Եկեք, ուրեմն, հարգենք այդ օրենքը»:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի խոսքով, ինքը գորգերի առանձին թանգարան հիմնելու մտահղացմանը հարյուր տոկոսով կողմ կլիներ այն դեպքում, եթե որեւէ մեկն ունենար սեփական հավաքածու եւ ցանկություն հայտներ այն հավաքել մեկ հարկի տակ։ «Այսինքն՝ ես դեմ չեմ գորգերի թանգարան բացելու գաղափարին, բայց այդ գաղափարի իրականացման ճանապարհին չպետք է մասնատել որեւէ թանգարանի մայր հավաքածուն։ Իսկ եթե լիներ այնպես, որ նման  թանգարան  բացվեր, դրա տնօրենը, պարզ է, ինձանից չէր վերցնի երկրորդ կամ երրորդ կարգի մի նմուշ, այլ կցանկանար տանել ամենալավ գորգերը, որոնք ես, իհարկե, չէի տա։ Եթե փոխաբերական  իմաստով ասեմ, ապա չի կարելի պոկել, ինձանից տանել իմ լյարդը եւ սարքել լյարդի թանգարան»,- նշեց Անելկա Գրիգորյանը:

«Նա Սարդարապատի թանգարանում 15-20 տարի աշխատել է որպես ազգագրության բաժնի վարիչ։ Եթե նա այդքան շահախնդիր էր հայկական գորգերի ինքնության հաստատման մեջ, թող այն ժամանակ էլ զբաղվեր գորգերի թանգարան բացելով։ Հայկական  գորգի ֆենոմենն ուսումնասիրել եւ ապացուցել նա կարող է նաեւ այժմ։ Կապ չունի, թե որտեղ են գորգերը՝ մեր, թե մեկ այլ թանգարանում»,- համոզմունք հայտնեց Գրիգորյանը։

Վերջում Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը տեղեկացրեց, որ իրեց մոտ ներկայումս կան եւ մի քանի սրահներում ցուցադրվում են ամենատարբեր ժամանակների շուրջ 2000 հայկական գորգեր։

Նշենք, որ ազգագրագետ, Սարդարապատի թանգարանի ազգագրության բաժնի նախկին վարիչ Աշխունջ Պողոսյանը նախօրեին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանկ դժգոհություն էր հայտնել, որ Հայաստանի մշակույթի նախարարությունը եւ Հանրային խորհուրդը չեն կիսում իր՝ գորգերի առանձին թանգարն  հիմնադրելու կարծիքը։ Նա սրանում տեսել էր հատկապես Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի անբարյացկամ տրամադրվածությունը։