2009թ. Առաջին կիսամյակի ընթացքում նկատելիորեն ավելացել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դատարաններից ստացվող կատարողական թերթերի քանակը:
ԴԱՀԿԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ժամանակահատվածում կատարողական վարույթների շարժը կազմել է 42 743 գործ՝ նախորդ կիսամյակի 31 հազարի դիմաց: Գրեթե եռակի աճել է նաեւ բռնագանձված գումարների ծավալները: Կրկնակի աճել է նաեւ հարկադիր էլեկտրոնային աճուրդում գտնվող գույքի գումարի չափը: Այսպես, եթե 2008 թվականի հունիսի 1-ի դրությամբ աճուրդում առկա էր 151 միլիոն դրամ արժողության գույք, ապա այս տարվա հունիսի 1-ի տվյալներով դրա արժեքը գերազանցել է 340 միլիոն դրամը:
ԴԱՀԿ ծառայության Վերլուծական եւ կազմտեսչական բաժնի պետ Ռոբերտ Մինասյանի կարծիքով՝ ընթացիկ տարվա սկզբից պահանջների քանակն աճել է գրեթե բոլոր ուղղություններով: «Կատարողական թերթերի հոսքի աճ է նկատվում հատկապես բանկային համակարգի կողմից, կապված վարկերի չվերադարձման հետ: Ավելացել է նաեւ հեռախոսային օպերատորների օգտին բռնագանձման պահանջները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կողմից աշխատավարձերի գծով կուտակված պարտքերի բռնագանձումները: Այդ հոսքը արդյունավետ կատարելու ուղղությամբ ծառայությունում զգալի աշխատանք է տարվում», — նշել է նա:



















