Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին դադարեցնել քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետապնդումներն այն բանից հետո, երբ պատգամավորի երիտասարդ թեկնածուն եւ ակտիվիստը ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների բացահայտումից հետո ձերբակալվել էր սահմանին:

Բախտիյար Հաջիեւը ձերբակալվել էր վրաց-ադրբեջանական սահմանին, եւ մի գիշեր անցկացրել ռազմական օբյեկտում:

«Ադրբեջանական իշխանությունները չափազանց հաճախ են նման միջոցների դիմում կառավարությունը քննադատողների նկատմամբ»,- ասել է Ջոն Դալհուսենը՝ կազմակերպության տարածաշրջանային ծրագրի փոխտնօրենը:

Amnesty International-ի հայտարարության մեջ ասվում է, թե մտավախություն կա, որ Հաջիեւին կարող են բռնի կերպով զինակոչել:

Հաջիեւի ձերբակալությունը հաջորդեց ձերբակալված երկու բլոգերների՝ Էմին Միլլիի եւ Ադնան Հաջիզադեի ազատ արձակմանը: