«Բոկո հարամ» արմատական խմբավորման պարագլուխ Աբուբակար Շեկաուն վիրավորվել է Նիգերիայի հյուսիս- արեւելքում նիգերիական ՌՕՈՒ-ի ավիահարվածների հետեւանքով։ Այս մասին հայտնել է AFP–ն՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունը։
Ծառայության տվյալներով ավիահարձակումը իրականացվել է Բորնո նահանգում։ Հարվածների հետեւանքով զոհվել են Շեկաուի տեղակալն ու եւս մի քանի զինյալներ։
Նիգերիայի բանակը դեռ չի մեկնաբանել այդ տեղեկությունը։
Շեկաուի անձի շուրջ բազմաթիվ խորհրդավոր պատմություններ էին հյուսվել։ Նիգերիական բանակը բազմիցս հայտնել էր նրա մահվան մասին, սակայն «Բոկո հարամ»-ի ղեկավարը նորից բարձրաձայնում էր իր մասին։
«Բոկո հարամը» իսլամիստական խմբավորում է, որը գործում է Նիգերիայի հյուսիս- արեւելքում։ Դրա զինյալները հարձակումներ են իրականացնում հարեւան երկրների՝ Նիգերի, Կամերունի ու Չադի տարածքում։




























