Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը , ով այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգներում եւ մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին, ուղերձ է հղել դրա մասնակիցներին:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ուրախ եմ ողջունել բոլորիդ եւ խորին երախտագիտություն հայտնել Արցախի կյանքում ունեցած ակտիվ մասակցության համար: Ձեր անմիջական ու գործուն աջակցության շնորհիվ Արցախ աշխարհում իրականացվում են ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր` տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Այդ ծրագրերը մեծապես նպաստում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացմանն ու շենացմանը:

Հատկապես ակտիվ է եվրոպահայ համայնքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա դրամահավաքի ժամանակ: Այստեղ իրականացվող ֆոնոտոնները աչքի են ընկնում բարձր կազմակերպվածությամբ: Ես անձամբ ականատես եմ եղել այդ աշխատանքներին եւ հպարտության պահեր ապրել` տեսնելով երիտասարդ սերնդի նվիրվածությունը, ուժերի ներածին չափով Հայրենիքին օգտակար լինելու ձգտումը:

Նման մթնոլորտի ձեւավորումը նաեւ հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կատարած աշխատանքների արդյունքն է: Արցախցիները դա լավ գիտեն եւ բարձր են գնահատում:

Համոզված եմ, որ այս ոգով մենք կշարունակենք մեր հայրենանվեր գործը, էլ ավելի կամրապնդենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը եւ պատվով կլուծենք մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները»: