Թուրքիայում Ռուսաստանի մասնակցությամբ կառուցվող «Ակույու» ԱԷԿ-ում ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 22 միլիորդ դոլար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի հարավում՝ «Ակույու» հարթակում թուրքական ատոմային էլեկտրակայանի կառուցման ու շահագործման ոլորտում համագործակցության մասին Ռուսաստանի ու Թուրքիայի միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է 2010-ին ։ «Ակույու» ԱԷԿ-ը աշխարհի առաջին ատոմային էլեկտրակայանն է, որը իրականացվում է BOO («build-own-operate», «կառուցիր, տիրիր, շահագործիր») մոդելով։ Այդ մոդելի համաձայն՝ Ռուսաստանը կառուցելու է կայանը, լինելու է դրա սեփականատերը ու շահագործելու է այն։
«Ակույու» ԱԷԿ-ը ներառելու է չորս էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1200 ՄՎտ հզորությամբ։ Մինչ այդ հայտնել էին, որ թուրքական կողմը հույս ունի ԱԷԿ-ի առաջին բլոկը շահագործման հանձնել 2023-ին։




























