Հայաստանի ոստիկանությունն անդրադարձել  է նոյեմբերի 18-ին մի խումբ երիտասարդների ոստիկանության բաժին «հրավիրելու» փաստին եւ հերքել է, թե «լայնամասշտաբ պայքար է սկսել» ինչ-ինչ երիտասարդական ենթամշակույթների դեմ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 18-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները, Կենտրոնի վարչական տարածքում շրջագայելիս, Երեւանի Սարյան փողոցի 22 հասցեի դիմաց գտնվող թունելների մոտ նկատել են մի խումբ երիտասարդների, որոնց վարքագիծը կասկած է հարուցել:

Երբ ոստիկանները մոտեցել են խմբին, նրանցից մեկը՝ Կարինե Ս.-ն, փորձել է թաքցնել պայուսակը: Ոստիկանների հարցին, թե ինչու է փորձում թաքցնել, նա պատասխանել է, որ պայուսակում երկու դաշույն կա: Երիտասարդները հետագա պարզաբանումների նպատակով հրավիրվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ Կարինե Ս.-ն պայուսակից ներկայացրել է դաշույնները:

Այս փաստով նախապատրաստվել են նյութեր: Երիտասարդները համապատասխան պարզաբանումներից հետո բաց են թողնվել:

Դաշույններն առգրավված են:

Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել է նաեւ, որ ոստիկանությունը մշտապես ծառայություն է իրականացնում ուսումնական հաստատությունների շրջակայքում, զբոսայգիներում, զվարճանքի եւ այլ մարդաշատ վայրերում: Տեղի ունեցածն ընդամենը ոստիկանության այդ գործառույթով պայմանավորված կանխարգելիչ միջոցառման արդյունք է, իսկ հրապարակումները, թե «ոստիկանությունը լայնամասշտաբ պայքար է սկսել» ինչ-ինչ երիտասարդական ենթամշակույթների դեմ, պարզապես չի համապատասխանում իրականությանը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, երիտասարդներին, որոնցից 5-ը՝ աղջիկներ, բերման էին ենթարկել ոստիկանություն եւ նրանց նկատմամբ բավական կոպիտ վերաբերմունք դրսեւորել՝ փորձելով համոզել, թե նրանք «էմո»-ներ են: Ի դեպ, ըստ աղջիկների, իրենց մոտ ընդամենը հուշանվեր է եղել: