Լոռու մարզում 60 հատ սոճի ապօրինի հատելու մեջ մեղադրվող 32-ամյա Կարեն Սահակյանը դատապարտվեց 9 ամսվա ազատազրկման:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում 32-ամյա երիտասարդն ընդունել է մեղքը եւ միջնորդել արագացված դատաքննություն անցկացնել:
Դատարանը Սահակյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 9 ամիս ժամկետով, նրան զրկելով ղեկավար և նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 2 /երկու/ տարի ժամկետով: Դատարանը մասնակի բավարարել է նաեւ քաղաքացիական հայցը. 32-ամյա երիտասարդից կբռնագանձվի 2 մլն դրամ: Նշենք, որ ըստ նախաքննության տվյալների՝ Սահակյանը պետությանը պատճառել էր 1.5 մլն դրամի վնաս:
60 հատ սոճի հատած երիտասարդի նկատմամբ խափանման միջոց էր ստորագրությունը չհեռանալու մասին: Նա կալանավորվի, երբ վճիռը մտնի օրինական ուժի մեջ:




























