Հայաստանը պետք է ամրապնդի Շվեյցարիայի բիզնես շրջանակների վստահությունը։ Նման տեսակետ է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել Հայաստան- Շվեյցարիա առեւտրի պալատի փոխնախագահ Սարգիս Շահինյանը։

Առաջին հերթին պետք է զարգացնել փոքր ու միջին բիզնեսի կապերը։ Երբ դրանք հաջողվեն, այդ դեպքում Շվեյցարիայում կսկսեն մտածել ավելի խոշոր ներդրումների մասին։ Իսկ հիմա, երբ Հայաստանը շվեյցարական ընկերություններին հրավիրում է տասնյակ միլիոններ ներդնել, դրանք պատճառաբանված հարցեր են բարձրացնում՝ այստեղ սեփականության պաշտպանության ի՞նչ համակարգ կա, ի՞նչ հարկեր, ի՞նչ դատարաններ։

«Մեր երկրների միջեւ արդեն կա իրավական բազա՝ օրինակ ներդրումների մասին համաձայնագիրը։ Բայց հիմա պետք է անցնել գործնական քայլերի»,- վստահեցրել է Շահինյանը։

Այդ հարցերը քննարկվելու են ֆորումի ժամանակ, որը պալատը կանցկացնի հունիսի վերջին Ցյուրիխում։

Որպես առաջնային ոլորտներ քննարկվելու են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆինանսները, այլընտրանքային էներգետիկան, դեղագործությունը։

Շվեյցարիայի հետ տնտեսական հարաբերություններ կառուցելը կարեւոր է նաեւ քաղաքական առումով՝ հաշվի առնելով նրա սերտ կապերը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Այս կապերը կարող են որոշակի քաղաքական ու տնտեսական նախապատվությունների հանգեցնել, հավելեց Շահինյանը։

Նշենք, որ շվեյցարական ընկերությունները մասնակցում են Տրանսադրիատիկ գազատարի շինարարությանը։ Իսկ Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը 2012-ից Շվեյցարիայում կառավարում է մոտ 160 բենզալցակայաններից բաղկացած ցանցը։ SOCAR –ի միջազգային մարկետինգային ստորաբաժանման շտաբ բնակարանը Ժնեւում է գտնվում։

«Մենք պետք է մի քանի անգամ ավելացնենք Հայաստանի նկատմամբ Շվեյցարիայի վստահությունը։ Դրա համար էլ մենք պետք է թափանցիկ գործնական կապեր պահպանենք, առանց պետության ֆավորիտիզմի»,- հայտնել է նա։