«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի ընտրությունից առաջ, այսպես ասած, հուսո առագաստ դիտարկվող «Ծառուկյան» դաշինքը, որը գրեթե բոլորի համար պատկերանում էր որպես խորհրդարանում հայտնվելու երաշխավորված ցատկահարթակ, ընտրությունից հետո կարծես թե վերածվում է հիասթափության արահետի:

Դաշինքի համամասնական կամ ռեյտինգային ցուցակներով առաջադրված մի շարք անուններ ինքնաբացարկ են հայտնել, թեեւ նրանցից շատերը արդեն ընդունել էին շնորհավորանքներ, եւ գործնականում կասկած գրեթե չկար, որ լինելու են խորհրդարանում: Նրանցից մի քանիսն այժմ նույնիսկ վիճարկում են ինքնաբացարկը՝ փաստացի բացահայտելով «Ծառուկյան» դաշինքում առկա ամոթալի պատկեր՝ անձանց փոխարեն ինչ-որ մեկը որոշել է, որ նրանք չպետք է ստանան մանդատ: Ո՞վ է որոշել՝ Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը կամ երկուսը միասին, իհարկե՝ Սերժ Սարգսյանի պայմաններով, քանի որ հակառակը կնշանակի իշխանափոխություն:

Բայց շատ հետաքրքիր է, որ կան մարդիկ, որոնք փաստորեն առնվազն հայտարարել են Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի որոշմանը դեմ գնալու մասին: Օրինակ՝ Խաչիկ Մանուկյանը, որը գործարար է, նախկին ՀՀԿ պատգամավոր, կամ Նապոլեոն Ազիզյանը, որի մեջ թերեւս արթնացել են անվանակից Մեծ կայսեր հատկանիշները, ու նա ըմբոստանում է Սարգսյան-Ծառուկյան տանդեմի դեմ: Կան ինքնաբացարկի դիմումից հրաժարվող այլ անուններ: Նրանք նոր հեղափոխականներ ու ապստամբնե՞ր են, թե՞, այդուհանդերձ, մենք այդ ամենի տեսքով պարզապես դառնում ենք բավական հմուտ խաղի ականատես:

Դեռեւս պարզ չէ, թե ինչպես կհանգուցալուծվի այդ «ըմբոստությունը» կամ «ապստամբությունը», բայց «ծառուկյանական ծռերի» այդ սինդրոմի բացահայտումը իսկապես հետաքրքիր է դառնում հետընտրական ներիշխանական-ներքաղաքական իրողությունների ֆոնին: Ապստամբության տեխնոլոգիան Հայաստանում անցել է ողբերգական փորձարկում՝ նախորդ տարի հուլիսին: Խոսքն, իհարկե, իշխանության կազմակերպած փորձարկման մասին չէ, բայց հուլիսին ստեղծված իրավիճակը իր դրամատիկ, ողբերգական զարգացումներով հանդերձ՝ իշխանության համար դարձավ նոր փորձ: Ընդ որում, այդ փորձառությունը Սերժ Սարգսյանի համար լուծեց նաեւ ներիշխանական մի շարք խնդիրներ, եւ կարողանալով համեմատաբար անարյուն եւ անցնցում հանգուցալուծել հուլիսյան իրադարձությունները՝ Սերժ Սարգսյանը էապես մեծացրեց ազդեցությունն իշխանության ներսում եւ փաստացի սկսեց լրջագույն վերադասավորումներ՝ հեռացնելով իր քաղաքական ծրագրերի ճանապարհի մի մեծ ներիշխանական արգելք՝ Հովիկ Աբրահամյան հավաքական կերպարով:

Այդ ֆոնին բավականին հետաքրքրական է նշմարվում «ծառուկյանական ծռերի» տեխնոլոգիան, երբ «Ծառուկյան» դաշինքի որոշ թեկնածուներ փաստորեն ըմբոստանում են դաշինքի առաջնորդի դեմ, որը անկասկած պատգամավորական կազմի հարցը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ՝ այլ կերպ լինել չէր կարող:

Այդ «ապստամբությունը» անկասկած խոցելի վիճակում է դնելու Գագիկ Ծառուկյանին: Եվ եթե, օրինակ, ապրիլի 2-ից առաջ Սերժ Սարգսյանն էր զգում նրա կարիքը՝ ի վերջո առնվազն մոտ կես միլիոն դժգոհ ընտրախավի կառավարման համար, հարկ եղած դեպքում նաեւ ՀՀԿ-ի թվաբանական մանեւրի աջակցության համար, ապա այժմ ներդաշինքային «ապստամբությունը» ճնշելու կամ հետագա առավել քան աղմկոտ ու շղթայական զարգացումը կանխելու համար Ծառուկյանն ունի Սարգսյանի կարիքը: Այսինքն՝ փաստացի փոխվում է Սարգսյան-Ծառուկյան համաձայնության բալանսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում