Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։

Թուրքական CNNturk կայքէջի փոխանցմամբ՝ Դավութօղլուն Թբիլիսիում հանդիպելու է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ, ինչպես նաեւ սպասվում է նրա հանդիպումը Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հետ։

Հանդիպումների օրակարգում լինելու է Կովկասում կայունության խնդիրը, ինչպես նաեւ սպասվում է, որ այսօր վրացական իշխանությունները ազատ կարձակեն թուրքական Buket բեռնանավի նավապետին, ում սպառնում էր 24 տարվա ազատազրկում։

Buket-ի նավապետ Մեհմեդ Օզթուրքը ձերբակալվել է Վրաստանի տարածքային ջրերով դեպի Աբխազիա առանց Վրաստանի թույլտվության վառելիք տեղափոխելու մեջ։

Չնայած նավապետի հարցը չկա օրակարգում, սակայն սպասվում է, որ այն կքննարկվի։