Եթե Հայաստանում կա ինչ-որ մեկը, ում մասին Սերժ Սարգսյանը հոգ չի տանում, դա հենց ինքն է: Նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը:
«Բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմության կողմից, եւ որոնցում ասվում է, թե Հայաստանի նախագահը չի մտածում ոչ ոքի մասին, հոգ չի տանում ժողովրդի մասին, սուտ է»,- հայտարարել է Մելիքյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը բազմիցս հակառակն է ապացուցել:
Ըստ Մելիքյանի, պետության ղեկավարը փաստացի մոլորակի բոլոր հայերի առաջնորդ է ճանաչվել: «Դա քաջ հայտնի է եւ կասկածի ենթակա չէ»,- կտրուկ ասել է հանրապետականն ու հավելել, թե «ամեն ինչ արժեր, թե ինչպես նախագահին ընդունեց ԼՂՀ Պաշտպանական բանակը Ղարաբաղում զորավարժությունների ժամանակ»:
Մելիքյանի խոսքով, հայկական սփյուռքը եւս Սերժ Սարգսյանին իր առաջնորդ է ճանաչել: «Հայկական աշխարհը դա ազգի գաղափարախոսությունն է»,- ասել է Գագիկ Մելիքյանը՝ պնդելով, որ աշխարհի բոլոր հայերը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն իրենց հայրենիքի ամրապնդման եւ հետագա զարգացման համար:
Խոսելով խորհրդարանական ապագա ընտրությունների մասին՝ Գագիկ Մելիքյանը կրկին նշել է, թե ՀՀԿ-ն ամենաուժեղ քաղաքական ուժն է եւ գերակշիռ մեծամասնություն է լինելու, իսկ մյուս քաղաքական ուժերը կլինեն փոքրամասնության մեջ:





























