Անգլիայի Բերի- Սենթ –Էդմունդս քաղաքում թենիսի խաղադաշտերից մեկի տակ գիտնականները մտադիր են գտնել Էդմունդ թագավորի՝ Անգլիայի հովանավորի մասունքը։ Այս մասին գրում է The Telegraph-ը։

Գիտնականները նման եզրակացության են հանգել՝ ուսումնասիրելով սրբավայրի ճակատագիրը։ 9-րդ դարում մահացած թագավորի մասունքը մինչեւ 16-րդ դար պահվում էր տեղի աբբայությունում, հետո դրանք անհետացել են։ Սակայն փորձագետները ենթադրում են, որ դրանք կարող են թաղված լինել տեղի եկեղեցական գերեզմանոցում, որի տարածքում հիմա թենիսի խաղադաշտ է գտնվում։

Նման նախադեպեր եղել են։ Օրինակ Ռիչարդ 3-րդ թագավորի գերեզմանը հայտնաբերել են Լեստեր քաղաքի ավտոկայանատեղիներից մեկի տակ։

Հիմա հնագետները քաղաքի իշխանություններից սպասում են թույլատվություն՝ պեղումները սկսելու համար։ Պաշտոնյաները վստահեցրել են, որ այն կտրամադրվի մոտ ժամանակներս։

Հնագետների որոնումներին կօգնեն 16-17-րդ դարերից պահպանված գրությունները, որտեղ ասվում է, որ աբբայությունը փակելուց հետո հոգեւորականները Էդմունդ թագավորի մասունքը տեղավորել են երկաթե սունդուկի մեջ ու թաղել գերեզմանոցում։