Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 17-ին կորոշի՝ արդյոք դատախազն ու քննիչը ճիշտ որոշում են կայացրել՝ կարճելով սոցապնախարարի արդեն նախկին տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի դեմ հարուցված քրեական գործը, թե ոչ: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը, որն էլ բողոքարկել է գործը կարճելու վերաբերյալ որոշումը:

«Հետաքրքիր է, որ արդեն Ֆիլարետ Բերիկյանն է գալիս դատական նիստերին, քանի դեռ փոխնախարար էր, չէր գալիս: Հիմա արդեն դատարանում բոցաշունչ ճառեր է ունենում: Գործի նյութերով պարզվել է, որ Արտեմ Ասատրյանն է Բերիկյանին հրաման տվել, որ գնա, պարզի, թե ով է նամակի հեղինակը: Մենք գիտեինք, թե Բերիկյանն է իր նախաձեռնությամբ փորձել պարզել, թե ով է նամակը գրել, որ պատժի, այլ սոցապնախարարի հրամանն է կատարել: Բերիկյանն անձամբ է այդ մասին ցուցմունք տվել»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ 2014թ.-ին Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի սաները, նրանց ծնողներն ու մի խումբ աշխատակիցներ բաց նամակով դիմել էին իշխանություններին՝  հայտնելով, որ իրենց նկատմամբ ճնշումներ են գործադրվում, իսկ տնօրեն Գայանե Մարգարյանն էլ չարաշահումներ է թույլ տվել: Դեռ այդ ժամանակ Բերիկյանը հանդիպել էր դպրոցի սաների, ծնողների ու կոլեկտիվի հետ եւ փորձել պարզել, թե ովքեր են նամակի հեղինակները:

Հետաքրքիր է, որ գործ հարուցվեց միայն չարաշահումների փաստի առթիվ: Այսօր ամբաստանյալի աթոռին է հայտնվել դպրոցի արդեն նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը: Մինչդեռ փաստաբան Տիգրան Հայրապետյանը շարունակում է պնդել, որ չարաշահումները չէին կարող լինել առանց Ֆիլարետ Բերիկյանի իմացության: Երկարատեւ պայքարից հետո Բերիկյանի մասով քրգործ հարուցվեց, որը հետագայում, սակայն, կարճվեց: