Մեղրիի հիվանդանոցում ապրիլի 30-ին մահացած Սուրեն Սարգսյանի հարազատները կատարվածում մեղադրում են հիվանդանոցի վիրաբույժ Մհեր Աբրահամյանին:

NEWS.am-ի հետ զրույցում 41-ամյա տղամարդու կինը՝ Նաիրա Գրիգորյանը, պատմեց, որ ամուսնու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է ապրիլի 29-ին երեկոյան, մինչ այդ որեւէ առողջական խնդիր չի ունեցել:

«Ես Երեւանում էի, ամուսինս զանգեց գործի տեղից ու ասաց, որ շնչահեղձ եմ լինում, ցավը խփել է մեջքիս ու ընկել է գետնին: Այդ պահին եղբայրներից մեկն է տեսնում ու մի կերպ տուն հասցնում: Մայրս զանգում է վիրաբույժ Մհեր Աբրահամյանին ու խնդրում գալ տուն՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում, բայց բժիշկը հրաժարվում է գալ ու ասում է՝ Շտապօգնություն կանչեք: Շտապօգնությունը գալիս է, ուժեղ դոզայով ցավազրկում են, մինչդեռ ամուսինս ցավից գալարվում էր: Հետո մի կերպ համոզում են, հիվանդանոց են տանում, Մհեր Աբրահամյանը գալիս է, էխո-ով նայում է, ասում է՝ երիկամներն առողջ են, երեւի մրսել է: Ամբողջ գիշեր պահում են հիվանդանոցում, ամուսինս էլ թուլացած, ընկած է լինում»,- պատմեց կինը:

Նաիրայի խոսքով, ապրիլի 30-ին առավոտյան Մհեր Աբրահամյանը գդալի օգնությամբ զննում է կոկորդն ու ախտորոշում՝ մրսածություն ունի, ապա դուրս է գրում նրան հիվանդանոցից: Մեկ ժամ անց, սակայն, Սուրեն Սարգսյանի վիճակն ավելի է վատանում. «Ընկերն է գալիս, տեսնում է, որ Սուրոն ցավից գոռում է, տքնում է, չի կարողանում խոսել ու ուռած է: Ընկերը զանգում է Մհեր Աբրահամյանին, նա էլ հորդորում է Ռենի խմել ու կանցնի, բայց դա էլ չի օգնում: Ընկերն ու հարազատները Սուրոյին հասցնում են հիվանդանոց: Սրտաբանն էլ ի դեպ հրաժարվում է գալ, Մհեր Աբրահամյանն էլ էլեկտրասրտագրություն է անում, պատասխանն ուղարկում սրտաբանին, որն էլ հայտարարում է, թե սիրտն առողջ է: Մհերն էլ որոշում է՝ ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում ունի, Սուրենին ուզում է տուն ուղարկել, բայց չեն հասցնում հիվանդանոցից դուրս գալ… Սուրոյի վիճակն էնքան վատ է լինում, որ էլ ոչինչ չի օգնում»:

Սուրեն Սարգսյանի հարազատների պնդմամբ, նա ունեցել է սիրտ-թոքային անբավարարություն, դիահերձմամբ էլ պարզվել է, որ սիրտ տանող երակն է պայթել, հետեւաբար, երկու օրում հնարավոր էր նրա կյանքը փրկել՝ համապատասխան ախտորոշում տալով եւ բուժում նշանակելով:

«Սիրտը չի տրաքել, սիրտ տանող երակն է տրաքել… եթե ճիշտ բուժում անեին, ուղարկեին թեկուզ Գորիս՝ սիրտը ստենդավորելու, կապրեր ամուսինս, բայց Մհեր Աբրահամյանը հայտարարում է, թե Սուրոն ողնաշարի ճողվածք ուներ, դիսկերի հեռացում, ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում, բայց կարո՞ղ էր դիսկերի հեռացումից մահանալ»,- նշեց Նաիրա Գրիգորյանը:

Սարգսյանները պատրաստվում են հաղորդում ներկայացնել ոստիկանություն: