Արարատի մարզում ՀՀԿ-ից ընտրված պատգամավոր Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ) կարծում է, որ արդյունավետ աշխատանքի համար ինքն ու ՀՀԿ-ական  պատգամավոր Աշոտ Արսենյանը՝ («Ջերմուկի գրուպի» սեփականատեր) պետք է մի աշխատասենյակ ունենան եւ միասին աշխատեն: NEWS.am-ի հետ զրույցում Արայիկ  Գրիգորյանն ասաց հենց այդ պատճառով էլ քանդել է ԱԺ-ում աշխատասենյակի պատը եւ մեծացնում է աշխատասենյակը:

«Երկու հոգու համար է նախատեսված , դրա համար էլ մեծացնում ենք, իմ ու Աշոտի համար է: Մենք էդպես ենք որոշել, ավելի արդյունավետ ենք աշխատելու»,-ասաց Արայիկ Գրիգորյանը:

Նշենք, որ «արդյունավետ աշխատանքի» ջատագով Արայիկ Գրիգորյանն ու Աշոտ Արսենյանը Ազգային ժողով էին գալիս միայն քվեարկելու նպատակով եւ իրենց պարտականությունը կատարելուց անմիջապես հետո լքում էին խորհրդարանը: Նրանց իրենց աշխատասենյակներում աշխատելիս դեռ որեւէ մեկը չի տեսել:

Հիշեցնենք, որ Արայիկ Գրիգորյանը Արարատի մարզում ամենաշատ քվե ստացած  պատգամավորն է՝ 45 339 քվե, Աշոտ Արսենյանն էլ ընտրվել է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող ընտրական տարածքից, ստացած քվեներով երկրորդ տեղն է զբաղեցրել:

Ինչ վերաբերում է Արարատի մարզում առաջատարը լինելուն, Արայիկ Գրիգորյանն ասաց՝ դա մարզպետ եղբոր վարչական ռեսուրսների գործադրման արդյունքը չէ. «Ես դա բացատրում եմ իմ լավ աշխատանքով, ժողովրդի կողքին լինելով, սա իմ առաջին ընտրությունը չէ»: