ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 6-ին, շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արեւշատություն եւ ստեղծագործական նոր հաջողություններ:
«Դուք հայ թատերարվեստի երախտավորներից եք, հայկական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողը, եւ Ձեր վաստակաշատ գործունեության յուրաքանչյուր շրջան արժեւորվել է նշանակալի ձեռքբերումներով՝ բեմում, ռադիոյում եւ էկրանին:
Ձեր դերասանական արվեստն առանձնանում է բնատուր շնորհով, կերպարի անտեսանելի շերտերը թափանցելու եւ հանդիսատեսին փոխանցելու կարողությամբ: Խաղային ներշնչանքով եւ զգացմունքայնությամբ օժտված Ձեր կերպարները համոզիչ են, ազդեցիկ եւ խոսուն վկայությունն են Ձեր բարձր կատարողական վարպետության»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:




























